fbyoutube

Ինչու է տխրում նոր մայրացած կինը

Հղիությունից անցումը մայրությանը կյանքի նոր կանոնակարգում է պահանջում` թե հոգեպես եւ թե ֆիզիկապես: Փոքրիկի աշխարհ գալու հենց առաջին օրերին օրինաչափ է, որ տրամադրության կտրուկ անկումներ ու վերելքներ լինեն:

Դուք կարող եք մեկ րոպեով երջանկանալ,  հետո միագամից արտասվել ու դառնալ  ճնշված: Կարող եք դառնալ բարկացկոտ, տխուր, դյուրագրգիռ կամ թեւաթափ: Այս ապրումները չեն նշանակում, որ դուք վատ մայր եք կամ չեք սիրում ձեր փոքրիկին:

Տրամադրության տատանումները կապված են այն հորմոնի հետ, որ առաջանում է ծննդաբերությունից հետո: Էստրոգենի եւ պրոգեստերոնի այն մակարդակը, որ պետք է հղիության ժամանակ, կտրուկ անկում է ապրում հղիությունից հետո: Դա էլ անդրադառնում է տրամադրության վրա, ինչին գումարվում է  հոգնածությունն ու անքնությունը:

Բարեբախտաբար, հետծննդյան ապատիան տեւում է մի քանի օր կամ շաբաթ եւ անցնում է ինքնաբերաբար: Եթե դուք էլ եք հետննդյան անկումնային տրամադրության մեջ, փորձեք հնարավորինս շատ  հոգ տանել ձեր մասին: Կերեք առողջարար սնունդ եւ հանգստացեք որքան հնարավոր է շատ:  Հատկապես անքուն գիշերները  կարող են  խորացնել  տխրությունը:

Ինչ անել, որ բանը չհասնի դեպրեսիային

Մի մերժեք  օգնության ձեռքը

Թույլ տվեք ընտանիքին ու  ընկերներին  օգնել ձեզ գնումների, կենցաղային մաքրության, երեխայի խնամքի հարցերում

Թույլ տվեք որեւէ մեկին պատրաստի ձեր ճաշը կամ պահի երեխային մինչ դուք ցնցուղ կընդունեք կամ պարզապես կթոթափեք  հոգնածությունը

Շատ հանգստացեք եւ կերեք առողջարար կերակուր

Զրուցեք սիրելիների կամ նոր մայրացած կանանց հետ, ովքեր կարող են  լսել ձեզ ու հավատացնել, որ դուք միայնակ չեք

Այդուհանդերձ, եթե հետծննդյան տրամադրության անկումը շարունակվում է ավելի, քան 1-2 շաբաթ, դիմեք ձեր բժշկին:

Comments: