fbyoutube

Գլխավոր | Հետաքրքիր է | B3 վիտամինը կօգնի կանխել երեխաների մոտ բնածին արատների դրսևորումը․ հետազոտություն

B3 վիտամինը կօգնի կանխել երեխաների մոտ բնածին արատների դրսևորումը․ հետազոտություն

Հղիության ժամանակ վիտամին B3-ի լրացուցիչ չափաբաժիններ ընդունելը կարող է կանխել վտանգավոր բնածին արատների որոշ տեսակներ։ Գիտնականները պարզել են, որ այդ վիտամինն ունակ է կանխել լուրջ թերություն՝ NAD հատուկ մոլեկուլն արտադրելու օրգանիզմի ունակության խանգարումը։

Էվելյուցիոն գենետիկ Սալլի Դանվուդին ու նրա գործընկերները Ավստրալիայի Վիկտոր Չանգի հետազոտական ինստիտուտից, ուսումնասիրել են այն գեները, որոնք ազդում են պտղի սրտի զարգացման վրա։ Երկար ժամանակ բժիշկները հետեւել են այն ընտանիքներին, որտեղ ծնվել են սրտի արատով երեխաներ, որպեսզի հասկանան, թե որ գենն է մասնակցել հիվանդության զարգացմանը։

2005-ին Դանվուդիի թիմը աշխատել է մի առանձնահատուկ ծանր դեպքի հետ՝ երեխան ուներ սրտի, ողնաշարի ու կողերի զարգացման արատներ։ Հետազոտողները պարզել են, որ ընտանիքի անդամների մոտ կար մուտացիա այն գենում, որը մինչ այդ կապակցված է եղել NAD-ի արտադրության հետ։ Այդ մոլեկուլը վճռական նշանակություն ունի էներգիայի կուտակման գործընթացի ու բջիջներում ԴՆԹ-ի սինթեզի համար։ Երկու ծնողներն էլ ունեին մուտացիա գենի պատճեններից մեկում, իսկ երեխան ժառանգել էր երկու դեֆեկտավոր պատճենները։ Գիտնականները զարմացած էին, քանի որ մինչ այդ ոչ մեկին հայտնի չէր սրտի ու ոսկորների զարգացման մեջ NAD-ի դերի մասին։

Հետագայում, 2012-ին, մասնագետները հայտնաբերել են նույնատեսակ մուտացիաներ այն ընտանիքում, որտեղ ծնվել էր արատների նույն համադրությամբ երեխա։ Գիտնականները պարզել են, որ մի քանի ընտանիքներ, որտեղ ծնվել են բնածին արատներով երեխաներ, ունեին մուտացիաներ նույն գեներում։

Բայց նրանք դեռ պետք է պարզեին՝ արդյոք այդ մուտացիան դեր է կատարում օրգանների ու ոսկորների զարգացման գործում։ Դրա համար հետազոտողները «անջատել են» լաբորատոր մկների երկու գեները, որպեսզի տեսնեն՝ արդյոք նրանց սերունդների մոտ կառաջանան այդ արատները։ Սկզբում բոլոր ձագերը նորմալ էին։ Բայց հետո գիտնականները հասկացել են, որ մկների սովորական սննդակարգը հարուստ է նիացինով՝ վիտամին В3-ով, ու բջիջները կարող են այդ նիացինն օգտագործել՝ այլընտրանքային միջոցով NAD սինթեզելու համար։

Այդ ժամանակ նրանք սկսել են հղի մուտանտային մկներին կերակրել այնպիսի ուտելիքով, որը չի պարունակում տվյալ բաղադրիչը։ Շատ մկներ սատկել են դեռ մոր արգանդում, իսկ ողջ մնացածները ունեին արատներ, որոնք հիշեցնում էին ուսումնասիրված երեխաների վիճակը։

Հետո գիտնականները սկսել են հղի մուտանտային կենդանիներին նիացինի փոքր չափաբաժին տալ ։ Այդ դեպքում մկները ծնվում էին նվազ արտահայտված արատներով։ Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ վիտամին В3-ով հարուստ սննդակարգը թույլ է տալիս մկներին առողջ սերունդ ունենալ։

Ըստ հետազոտողների՝ վիտամին В3-ով հավելումները կարող են նման մուտացիաներով ընտանիքի անդամներին օգնել առողջ երեխաներ լույս աշխարհ բերել։ Հնարավոր է՝ վիտամինները կօգնեն կանխել ապագա երեխաների մոտ բնածին արատների դրսեւորումը կամ նույնիսկ բուժել արդեն զարգացման շեղումներով տառապող փոքրիկներին։

Առայժմ գիտնականները չեն կարող նշել վիտամին В3-ի անհրաժեշտ ճշգրիտ չափաբաժինը, քանի որ դեռ կլինիկական փորձարկումներ է պետք իրականացնել։

Աշխատության արդյունքները հրապարակվել են The New England ամսագրում։

Comments: