fbyoutube

Համո Սահյան «Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա»

Oվկիանոսները ելնում են ափից

Եվ պատառոտում իրենց անխնա…

Խելագարվել է կյանքը տագնապից,

Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:

Խաղաղ օրերը գնում են ձեռից,

Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:

Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,

Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա

Խելագարվել են ցորեն ու բողբոջ,

Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,

Խելագարվել է տիեզերքն ամբողջ,

Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:

Խելագարվել է տիեզերքն ամբողջ,

Աչքերը չռել իմ հոգու վրա…

Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,

Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:

Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,

Խելագարվածներ մոտիկ ու հեռու:

Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,

Որ հնար չունեմ խելագարվելու:

Comments: