fbyoutube

Հայաստանում դիաբետով հիվանդ 530 երեխա կա

Հայաստանում 18 տարեկանը չլրացած 530 երեխա է տառապում շաքարային դիաբետով։ Նրանցից 4-ի մոտ 2-րդ տիպի դիաբետ է (նաեւ ճարպակալում), իսկ մնացածի մոտ՝ 1-ին տիպի դիաբետ։ Այս մասին լրագրողներին պատմել է էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը։

Հայաստանում երեխաների շրջանում տարեկան դիաբետի 60-80 նոր դեպք է ախտորոշվում։ Անցած տարի երեխաների շրջանում գրանցված դեպքերի քանակը 497-ն է եղել՝ 40․7 տոկոսով ավելին, քան 2007-ին։

Մասնագետը նշեց, որ վերջերս հիվանդությունը սկսել են ավելի հաճախ ախտորոշել մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ։ Սակայն դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ հիվանդությունը սկսել է «երիտասարդանալ», այլեւ նրա հետ, որ ծնողները, էնդոկրինոլոգի խոսքով, ավելի ուշադիր են դարձել, նրանք սկսել են երեխաների մոտ ավելի շուտ նկատել հիվանդության ախտանշանները ու ավելի շուտ դիմել բժշկի։ Ավելին, նրանք արդեն ունեն անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի հասկանան, որ այդ ախտանշանները կարող են վկայել դիաբետի մասին։

Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում մոտ 80 000 մարդ է դիաբետով հիվանդ։ Նրանցից 1200-ը՝ 1-ին տիպի դիաբետով։

Նշենք, որ ըստ Դիաբետի միջազգային ֆեդերացիայի տվյալների, աշխարհում այսօրվա դրությամբ մոտ կես միլիոն երեխա հիվանդ է 1-ին տիպի դիաբետով։

Comments: