fbyoutube

Առաջիկա տարիներին մայրաքաղաքի 160 մանկապարտեզներ կվերանորոգվեն

Երևան քաղաքի 160 մանկապարտեզներ առաջիկա հինգ տարիների ընթացքում կվերանորոգվեն: Այս մասին Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգված համար 70 մանկապարտեզի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համաձայնագիր են ստորագրել, որով հաջորդ երեք տարիների ընթացքում Երևանի շուրջ 40 մանկապարտեզներ վերանորոգվեն: «Երևանի քաղաքապետարանի բյուջեով և բարերարների աջակցությամբ մեր մյուս մանկապարտեզները ևս կվերանորոգենք: Մեր նպատակն է, որ մեր երեխաներն ու մեր մանկապարտեզի աշխատակազմը նորմալ պայմաններում աշխատեն»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Շրջելով համար 70 հիմնանորոգված մանկապարտեզում, Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց առաջին տիկնոջը հովանավորության համար: «Մեր ցանկությունն է. որ Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզները նման պայմաններ ունենան : Հաջորդ տարիներին Երևան քաղաքի մանկապարտեզներում կսկսվեն մասշտաբային վերանորոգման աշխատանքներ և մյուս երեխաներն էլ հետ չեն մնա և կունենան նման վերանորոգված լավ պայմաններով մանկապարտեզ»,-հավելեց քաղաքապետը:

Comments: