fbyoutube

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ծրագրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների  կարևոր գործընկերը՝ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է  մասնավորապես հանրակրթության ոլորտի բարեփոխումներին: Այս համատեքստում  կարևորվել են Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումները, որոնք նախարարի ընդգծմամբ պետք է ներառեն դասագրքերի ստեղծման, կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակման և ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգերի ներդրում:

Նախարար Լևոն Մկրտչյանը ՀԲ մասնագետների հետ քննարկել է նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ»  ծրագրի  նախագիծը, որի նպատակն է բարելավել գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և  մաթեմատիկական առարկաների (STEM - science, technology, engineering and mathematics) ուսուցումը: Այդ նպատակով  ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր, որի արդյունքները հետագայում հիմք կընդունվեն ծրագրի  ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային այլ հարցեր:

Comments: