fbyoutube

Համո Սահյան «Քարին տարեկից»

Չորս մրրիկները չոր ու չարախինդ

Չորս կողմից եկան, պայթեցին գլխիդ,

Իրար խառնեցին եզերք ու հատակ,

Պղտորեցին քո ջրերը հստակ

Եվ շպրտեցին երկինքներն ի վեր,

Սակայն ինքնության անճառանվեր

Ալիքդ խլել չկարողացան։

Եկան, ոռնացին սաղարթներիդ մեջ

Ու ոլորելով, ճկելով մեկ–մեկ

Դալար ճյուղերդ փշրեցին, առան

Իրար բերանից խլելով տարան...

Կեղևդ էլ տարան։ Ինչ ասել կուզի,

Ստվերդ էլ տարան, և սակայն հույսի

Ծաղիկդ խլել չկարողացան։

Առևանգեցին շեներդ անխնա

Եվ մթագնեցին երկինքդ շողուն,

Սարը շուռ տվին գութանիղ վրա,

Վանքդ գլխիվայր թաղեցին հողում,

Բայց հորովելդ հողոտ, մղեղոտ

Եվ այնպես շողոտ, այնպես խնկահոտ

Տաղիկդ խլել չկարողացան։

Տունդ քանդեցին, բարիքդ տարան,

Բարձիկդ տարան, բախտիկդ տարան,

Ոչ գերան մնաց, ոչ սյուն ու տանիք,

Ամեն, ամեն ինչ առան քո ձեռքից,

Օրդ սև արին, սև արին տարիդ,

Բայց քո տան հիմքի քարին տարեկից

Տարիքդ խլել չկարողացան։

Եվ դու պահեցիր ինքնությունը քո,

Շինեցիր նորոգ Սասնա-տունը քո,

Ապրեցիր այնտեղ դու բաց ճակատով...

Եվ պիտի ապրես... Եվ քո նոր բախտով

Ու քո հին լեզվով պատմես աշխարհին,

Որ չորս մրրիկներն օրհասիդ պահին

Գալիքդ խլել չկարողացան։

Comments: