fbyoutube

Երեխաների հուզիչ նախագիծը՝ համոզել ծնողներին շուն գնել, հանճարեղ է ճանաչվել

Ութամյա Վիլյամի և վեցամյա Սքարլեթի ծնողները մերժել են նրանց՝ շուն գնելու խնդրանքը, սակայն նրանք չեն համակերպվել և ծնողներին համոզելու համատեղ նախագիծ են մշակել։ Նրանք թղթի վրա տասը կետերից կազմված ցուցակ են կազմել, սակայն նրանց մայրը՝ Էմմա Ռոբինսոնը հայտնաբերել է գրությունը, նախքան դրա կետերը կկատարվեին,– գրում է Daily Mirror-ը։

Էմման գտած գրությունը տեղադրել է Facebook-ում։ Դատելով որոշ կետերից՝ ցուցակը հիմնականում տղան էր կազմել։ Բաղձալի շնիկին ստանալու համար նա պատրաստվում էր անել տան բոլոր գործերը, ծնողներին հաճոյախոսություններ անել, սիրունիկ շնիկների նկարներ տեղադրել, «Սուրբ Ծննդյան» նվերների ցուցակ կազմել, ասել, որ ինքն ավելի ուշիմ կդառնա։ Ամենավերջում նա նախատեսում էր երաժշտական տեսանյութ ձայնագրել։

Սքարլեթն իր կողմից էլ վերջում մի կետ էր ավելացրել. հարցնել, թե արդյո՞ք կարող են իրենք շուն պահել։

“Երբ ես կարդում էի, չէի կարողանում ծիծաղս զսպել”– խոստովանում է երեխաների մայրը։

Նախագիծն ուսումնասիրելով՝ Facebook-ի օգտատերերը եզրակացրել են, որ Վիլյամը հանճարեղ է, քանի որ հաղթող նախագիծ է մշակել։

Ռոբինսոնի խոսքերով՝ ինքը զգում է, որ նախագիծն արդեն գործողության մեջ է, քանի որ երեխաներն իրեն անընդհատ հաճոյախոսություններ են անում։ Սակայն կենդանի գնելու վերաբերյալ վերջնական որոշում ծնողները դեռևս չեն կայացրել։

Comments: