fbyoutube

«Դալիթա»

Վերջապես նորից հանդիպեցինք: Դպրոցում արդեն ուսումնական տարեվերջյան եռուզեռն է սկսվում` քառորդնե՜ր, գնահատականնե՜րԴրան գումարած պարիս, երաժշտական պարապմունքներս ու նկարահանումներս. մի խոսքով, իսկական շիլաշփոթ` բառիս բուն իմաստով: Հա՜, լավ է գոնե չմոռացա շնորհավորել բոլորիս` մեր շաաաաաաաա՜տ սիրելի “Ե±ս Yes!”-ի 5 ամյակի կապակցությամբ: Այս շիլաշփոթի պատճառով քիչ է մնում գլուխս էլ կորցնեմ :)

 

Հուսով եմ` հասկացար ինձ, որ ասածս միայն բառախաղ չէ ու շիլաշփոթ միայն իմ օրակարգում չի տիրում: Ամեն ինչ սկսվեց իսկական “Շիլաշփոթից”: Դե, իհարկե, խոսքը մանկական “Շիլաշփոթ” հեռուստանախագծի մասին է, որն արդեն իսկ հասցրել է ձեռք բերել “հայկական երալաշ” անունը: Բայց ամենահետաքրքիրն ինձ համար այն էր, որ մինչ ես ու էլի հետաքրքիր շատ երեխաներ մեզ համար գլուխներս կախ մեր գործն ենք անում, բանից անտեղյակ, մեկ էլ հանկարծ պարզում եմ, որ սփյուռքում ապրող մեր հասակակիցներն ու նույնիսկ առավել փոքրերը համացանցի միջոցով էլ բաց չեն թողնում մեր “Շիլաշփոթ”-ային սերիաները :) Մանկական այս հեռուստանախագծում կերտելով հարևանի աղջկա, չարաճճի, ինքնահավան դպրոցականի, ինչպես նաև` դպրոցում ամեն ինչ գուշակող աղջնակի դերերը` շարունակում եմ իմ մեջ զարգացնել դերասանական ջիղը և հաճախում եմ Stage 7 ստուդիա: Այնտեղ ինձ դասավանդում է ճանաչված դերասան Արտաշես Ալեքսանյանը: Մինչ այս դպրոցի և խաղացածս ներկայացման մասին պատմելը` նախ նշեմ, որ»Շիլաշփոթի՚ դերերից ամենաշատը հավանել էի գուշակ աղջնակի դերը: Իսկ հարևանի աղջկա դերում հանդես գալուց հետո մեր հարևանուհին ինձանից ինչ-որ բաներ էր ուզում` ինչպես սերիալում :)

Անդրադառնալով Stage 7 ստուդիային` ասեմ, որ ապրիլին Արտաշես Ալեքսանյանը բեմադրեց Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մի ներկայացում, որում միաժամանակ խաղացի և' աղջկա, և' տղայի դերեր: Ինչո՞ւ զարմացար, այո', նաև տղայի դեր. ես գաղթական ջրավաճառ տղան էի, ով երգում էր`»Առավոտից իրիկուն ջուր եմ ծախում, սառը ջուր երգը: Իսկ որպես աղջիկ` մարմնավորեցի վրաց արքայի քրոջը` Աննային, ում սիրահարված էր աշուղ Սայաթ-Նովան` կատարելով Աննայի պարը: Ի դեպ, այդ պարով ես Հայաստանում տեղի ունեցած միջազգային օլիմպիադայում արժանացել եմ ոսկե մեդալի:

Սրանով իմ ստեղծագործական նորությունները չեն ավարտվում ու այնքան բան ունեմ քեզ պատմելու, բայց վազեմ դասերիս, որ քառորդներս բարձր գնահատականներով փակեմ: Քեզ էլ եմ հաջողություն մաղթում ամառային ուրախ արձակուրդներից առաջ :)

Comments: