fbyoutube

Զվարճալի շուտասելուկներ

Article Index
Զվարճալի շուտասելուկներ
1
All Pages

Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով

*** 

Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծում եմ շատ չի քաշի:

Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից...

*** 

Ձուկը, մուկը մեկ տապակ,
Մուկը, ձուկը` մեկ տապակ,
Ձուկը ուտեմ, մուկը թալեմ,
Մուկը թալեմ, ձուկը ուտեմ:

*** 

Քոթոթը նոթոտ է,

նոթոտ է քոթոթը:

Թեկուզև նոթոտ է՝

Լավիկն է քոթոթը:

*** 

Օձը դպրոց չի գնում,

Դպրոցում ինչ գործ ունի:

Ինչ որ պետք է այս կյանքում՝

Ատամի տակ օձն ունի:

*** 

Մեր տան առաջ,
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ,
Մեր տան առաջ:

*** 

Ցոլակը ցատկեց
Ցից ցանկապատից,
Ցանկապատը ցնցվեց
Ցոլակի ցատկից:

*** 

Քեռուս քեռու

Քեռու քեռին

Մանգաղն իր կեռ կախեց կեռից:

Ասաց. "Հերի՜ք,

Քեռու քեռի,

Ծռվեց մեջքդ սրա ձեռից...":

***

Քանի՜ անգամ եկավ քամին,

Ուզեց առնել, տանել կամին:

Փչե՜ց քամին,

Հրե՜ց քամին,

Բոփե՜ց, շոյե՜ց,

Ոռնա՜ց քամին,

Բայց տեղից չշարժեց կամին:

***

Քաջքերի մեջ մի քաջք կար, որ

Քաջերի քաջն էր քաջքերի:

Չկար մի քաջք, որ չսարսեր

Քաջարի քաջքի աչքերից:

***

Ուղտին մի թուղթ բերին տուղտից.

"Տուղտից հազա՛ր ողջույն ուղտին:

Գո՛հ եմ, որ ուղտն անապատի

Գերադասեց փուշը տուղտից..."

***

Ուղին գնա՛ց, գնա՛ց, գնա՛ց,

Ինքնավստահ գնաց ուղիղ:

Ուղին մտավ մի փակուղի

Ու փակուղուց չելավ ուղին...

***

Փողի գողն ու գողի դողը

Չգիտեն ով է հաղթողը:

Մեկն ասում է՝ փողի գողը,

Մյուսն էլ թե՝ գողի դողը...

***

Ուռի ծառից առույգ մի ուլ

Պոկեց ուռի դալար մի ճյուղ:

Ծիտը ճտտաց. "Ա՜յ, գիժուլիկ,

Մի կոտրատիր ճյուղերն ուռի...":

*** 

Ուշեղը ուժեղ է,

Ուժեղը՝ ուշեղ,

Եվ անշեղ ուշեղը

Երբեք չի տուժել:

***

Ուս է տալիս հարկը հարկին,

Հարկը՝ հաչկին բազմահարկի:

Բազմահարկը կդիմանա՞ր,

Թե ուս չտար հարկը հարկին:

***

Տնից ելնում՝ գնու՜մ, գնու՜մ,

Խանութներից բաներ գնում,

Գնումները՝ թևատակին,

Ետ է դառնում, տուն է գնում:

Բայց չկարծեք տուն է գնում,

Տուն է դառնում,

Տուն չի գնում:

***

Տոհմածառն էլ ծառ,

Տոնածառն էլ է  ծառ.

Մեկի կյանքը՝ կարճլիկ,

Մյուսինը՝ անծա՜յր...

 

***

Ցեխից ցատկեմ՝ սեխ ուտեմ,

Սեխից ցատկեմ՝ ՝ սեխ ուտեմ,

Ցեխով՝ ոտքերս բոբիկ,

Սեխով՝ քիթս սեխոտեմ:

 

***

Սագաքաղաղը երբ հասավ

Սագաքաղաք,

Սագաքաղաքի սագերը

Իրենց քաղաքին բնորոշ մի

ցնծությամբ՝

Սագավարի՜,

Կարոտաբա՜ղձ կղկղոցով ու

թևաբախ,

Ընդունեցին Սագաքաղաքում

հայտնված սագ -

                  աքաղաղին,

Պատիվ, որին չարժանացավ

Սագաքաղաղից բացի այլ մի

աքաղաղ:

***

Սուտը խորթ է ծառին, ծտին,

Թե ծառ, թե ծիտ դեմ են ստին:

Չգիտեն էլ ծառ ու ծտեր

Հանուն ինչի՞ պիտի ստել:

***

Վարագ, գնա մարագ արի:

Արագ գնա մարագ արի:

Թե մարագում կարագ գտար՝

Կարագը առ, արագ արի:

***

Պարտադիր չէ՝

Փողասերը լինի փողհար,

Բայց փողհարը

Փողասեր է անտարակույս:

***

Պերկես-մերկես, արի կրկես:

Չեկար կրկես՝ դու կզրկես

Հրաշալի քեզպեսներին

Մեր աննման կրկեսներից:

***

Ստի սուտը ստի տուտ է,

Ստի տուտը՝ ստի ճուտը:

***

Սեղանն ասաց՝ մեղմա՜, մեղմա՜,

Այո ո՞նց եղավ,

Այո ո՞նց եղավ.

Սեղանին յոթ պատառաքաղ,

Սակայն ոչ մի բահ ու եղան...

***

Ոչխարները գերերին

Չէին թողնում գելերին:

Գելերն իրենք էին միշտ

Գերում ծույլիկ գերերին...

***

Ով օգնում է՝ հոգնում է,

Բայց հոգնում է օգնելիս:

Թե օգնելիս են հոգնում՝

Գոհ են նաև հոգնելիս:

***

Ովքեր չեկան ՝ չկան:

Ովքեր չկան՝ չեկան:

***

Պատ պատողը պայտ չի պայտում,

Պայտ պայտողը պատ չի պատում:

Թե պայտողն էլ պատեր պատեր՝

Ձիերին ո՞վ պիտի պայտեր:

***

Շահը շահին ասաց՝ Շահ,

Կլինի՞ Շահը անշահ:

- Շահը՝ անշա՞հ -, Շահն ասաց, -

Թե անշահ է, էլ ի՞նչ Շահ:

***

Շան հոտ ուներ շան բույնը:

Ասին՝ կօգնի շամպունը:

Շամպուն բերին,

Շան բնում

Հո չբուրեց շամպունը:

***

Ոչ քեզ, ոչ ինձ, 

Ոչ քեզ, ոչ ինձ,

Ոչինչ բացի մկան պոչից,

Մկան պոչից բացի ոչինչ՝

Ոչ քեզ, ոչ ինձ,

Ոչ քեզ, ոչ ինձ: 

***

"Նապաստակը ինչ վաստակի՝

Դա վաստակն է նապաստակի":

Սա կարծիքն է հանդերը մեր

Ասպատակող նապաստակի:

***

Նույնիսկ հավքերը անտառի

Տարբերում են թառը թառից.

Միշտ էլ իրենց թառին թառում

Ու չեն թառում թառչու թառին:

***

Շնիկը կծան է,

Կածանը՝ փոշոտ:

Շնիկը փոշի է

Բարձրացնում պոչով:

Խառնվել են իրար

Կծան ու կածան...

Կծանը կածան է,

Կածանը՝ կծան: 

***

Մողեսն ասաց մողեսին.

- Պոչս թողի Պողոսին:

Պողոսը չա՜ր տղա է,

Հազիվ թե ինձ խնայեր...

***

- Մռռանը ի՞նչ գործ ունի

Մռայլ ու մութ մառանում:

- Գնա հարցրու մռռանին,

Մռռանն այդ չի մոռանում:

***

Մի հարց ունեն այս աշխարհին

Սերունդները Մայր ոչխարի.

"Վերջ ի վերջո, գայլը ագահ

Երբևէ կապաշխարհի՞ ...

***

Մուկը տիկնիկ-մկնիկ ուներ,

Տիկնիկ-մկնիկը՝ տեր:

Տերը մուկն էր տիկնիկատեր,

Տիկնիկը գիտեր: 

*** 

Մեր շունը ութ աշուն տեսավ,

Իսկ աշունը՝ քանի՞ շուն:

Շա՛տ ափսոս, որ շուն չի հաշվում

Աշխարհում ոչ մի աշուն:

***

Մոլոր ակը կլոր ակ է,

Կլոր ա՞կ է մոլորակը:

***