fbyoutube

Welcome To Armenia

 

Ահա և մոտենում է ամենապատասխանատու օրը: Ընդամենը հաշված օրեր, և եվրոպական գլխավոր տոնը` "Մանկական Եվրատեսիլ 2011-ը" մեր երկրում կկայանա: Անկեղծ ասած` չեմ ուզում շատ կենտրոնանալ մրցույթի արդյունքների վրա, քանի որ որքան մեծ լինի լարվածությունս, այնքան չեմ կարողանա վայելել տոնի զգացումը: Իսկ ես ու մեր ողջ թիմը "Մանկական Եվրատեսիլին" պատրաստվել ենք որպես մե՜ծ ու ամենապայծառ մանկական տոնի, որն իմ կյանքում գուցե այլևս չկրկնվի: Այդ օրն իսկական տոն է լինելու` գեղեցիկ շոուով ու լուսային վառ էֆեկտներով:
Մեր պրոֆեսիոնալ թիմի` վոկալի ուսուցչուհի և "Welcome To Armenia" երգի համահեղինակ Էմմա Ասատրյանի, հագուստների հեղինակ հայտնի մոդելավորող Լիլիթ Մարգարյանի, խորեոգրաֆ Նելլի Կարապետյանի, բեմականացման հեղինակ, Երևանի փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի, տեսահոլովակի ռեժիսոր Ռոբերտ Օհանյանի և, ի վերջո, "Անի Քոչար փրոդակշնի" ու "Ե՞ս Yes!" ամսագիրի` ԶԼՄ-երի հետ տարված աշխատանքի շնորհիվ այնքան ինքնավստահություն եմ կուտակել, որ մնում է ըմբոշխնել աստեղային ժամիս ամեն մի վայրկյանը:
Պատասխանատու ելույթից առաջ ինձ համար շատ ոգևորիչ էր նաև Հ2 հեռուստաընկերության "Քեռի մուլտիկնիկ" հաղորդման ամենամյա մրցանակաբաշխության "Ոգեշնչման մրցանակը", որն ինձ հանձնեց թատերական խմբակի սիրելի ուսուցիչս` հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանը: "Մանկական Եվրատեսիլ 2011"-ից առաջ առաջին մեծ` լեփ-լեցուն դահլիճի առաջ ելույթ ունենալն ինձ համար իսկական փորձ էր. Երիտասարդության տոնի կապակցությամբ Թաթա Սիմոնյանի համերգի բացումն ինձ էր վստահված, որի "քննությունը", կարծում եմ, գերազանց հանձնեցի` չնայած հուզմունքիս: Ինձ մնում է մատներս խաշել ու մտքում աղոթել իմ ու մեր երկրի համար. հուսով եմ` "4" թիվը (այս թվի ներքո եմ ելույթ ունենալու) հաջողություն կբերի բոլորիս:

Comments: