fbyoutube

Աղբալյան Մարինա Ալեքսանդր «Իրական հեքիաթ հոգու գույներով»

 

 

Ողջու՛յն փոքրիկներին, ես Բոլորիկն եմ: Գիտե՞ք ինչ եմ անում այժմ` կանգնած պատուհանի մոտ: Դիտում եմ, թե ինչպես է իմ թզուկ ընկեր Գլորիկը տեղափոխում արևն ու լուսինը: Հարցնում եք ինչո՞ւ: Նա այդպես է անում, որ քույրիկ ցերեկվան հաջորդի եղբայր գիշերը ևբերի բազում հեքիաթներ ձեզ համար:

 

Ողջու՛յն փոքրիկներին, ես Բոլորիկն եմ: Գիտե՞ք ինչ եմ անում այժմ` կանգնած պատուհանի մոտ: Դիտում եմ, թե ինչպես է իմ թզուկ ընկեր Գլորիկը տեղափոխում արևն ու լուսինը: Հարցնում եք ինչո՞ւ: Նա այդպես է անում, որ քույրիկ ցերեկվան հաջորդի եղբայր գիշերը ևբերի բազում հեքիաթներ ձեզ համար: Գլորիկն արդեն ավարտեց իր գործը, իսկ դուք հարմարավետ տեղավորվեք հեքիաթի գրկում, թերթեք էջերն ու ուշադիր լսեք փոքրիկ աշխարհի մեծագույն պատմություններից մեկը:

Եկան ժամանակներ, երբ փոքրիկ Մանուշակ քաղաքի բնակիչները խիստ տագնապեցին: Մի օր արևը մայր մտավ և այլևս չծագեց: Լռեց թռչունների երգը, ծաղիկները գունազրկվեցին, իսկ մանուկներն անվերջ լացում էին ու լացում: Քունը խավար էր: Աշխատանքը դադարել էր, փողոցներում ստվերներ չէին խաղում: Միայն ժամանակ առ ժամանակ զանազան առարկաներ հպվում էին մռայլ պատերին և խաթարում լռությունը: Մարդիկ հուսահատվել էին: Նրանք մտածում էին, որ մութը հավերժ հյուր էր ու ոչինչ նրանց չէր փրկելու...

Քաղաքի ծայրամասում կար երկհարկանի, քանդված պատշգամբներով մի տուն: Այդ տանն ապրում էին մայր ու որդի: Որդու անունն Արշալույս էր: Նրանք աղքատ էին: Սովի չմատնվելու համար երբեմն հաց էին խնդրում հարևաններից: Ոմանք խղճում էին նրանց և կերակրում, իսկ ոմանց տների դռներն էլ նրանց առջև երբեք չէին բացվել: Սկզբում խավարը Արշալույսին վախեցրեց` անսպասելի էր և չարագուշակ: Բայց հետո փոքրիկ տղան համարձակվում էր փախչել տնից և քայլել դատարկ փողոցներով: Մի օր նա չհամբերեց և հարցրեց մորը.

-Մայրի'կ, ի՞նչու են երեխաները լալիս:

-Չգիտեմ որդի'ս, երևի    քաղցած են,- պատասխանեց մայրը:

-Բայց ես էլ եմ երբեմն քաղցած լինում ու չեմ լալիս: Ինձ թվում է, որ նրանց այնքան շատ չեն սիրում, ինչպես դու ես ինձ սիրում:

Մայրը լուռ ժպտաց և համբուրեց որդու ճակատը:

Մի գիշեր էլ, երբ նա ավարտեց հեքիաթը և ուզում էր որդուն բարի գիշեր մաղթել, Արշալույսը հարցրեց.

-Մայրի'կ, ինչու՞ մարդիկ իրար հետ էլ չեն խոսում:

-Նրանք շատ են աշխատել ու հոգնել են,- պատասխանեց մայրը:

-Բայց դու նրանցից շատ ես աշխատում, այնպես չէ՞: Մի՞թե դու չես հոգնում,-համառեց տղան:                                                                                                                  

-Իհարկե հոգնում եմ,- ավելացրեց մայրը:

-ՈՒրեմն դա չէ պատճառը: Ես նկատել եմ, որ մարդիկ միմյանց չեն բարևում: Դու ինձ ասել ես, որ  դա անհրաժեշտ է: Դրա համար էլ ոչինչ չի ստացվում: Ճիշտ չե՞մ:

-Ճիշտ ես անգի'նս: Իսկ հիմա քնի՛ր,- արագ կանգնելով` պատասխանեց մայրը, բայց հաջորդ հարցին կրկին նստեց:

-Միևնույնն է, երբ արթնանամ նորից գիշեր է լինելու,- ասաց Արշալույսը:

-Այդպես մի' խոսիր: Ես լսել եմ, որ վաղն Արևը միգուցե կծագի:

-Սուտ է: Մարդիկ սիրում են ստել: Այնքան միմյանց խաբեցին, որ Արևն էլ մեզ խաբեց՝ ցույց տալով, թե անմար է: Իսկ դա վատ է և անարդար,- ասաց Արշալույսը և աչքերը տխուր խոնարհեց:

-Եթե հիմա չքնես, կբարկանամ,- խիստ խոսեց մայրը:

-Եթե դու էլ պետք է բարկանաս, ուրեմն Արևն էլ երբե՛ք չի ծագի,- լացակումած բղավեց որդին, ծածկոցը քաշեց գլխին և քնեց:

...Եվ քնեց: Համենայնդեպս այդպես էր կարծում մայրը: Բայց Արշալույսի աչքերը չէին փակվում: Մայրը սկսեց անհանգստանալ, իսկ հարցերը գնալով շատանում էին ու շատանում: Ոչ ոք գլխի չէր ընկնում, որ այդ փոքրիկ տդան գրեթե գիտեր այդ քաղաքի փրկության ուղին:

Անցան երկար ու հոգնեցուցիչ տարիներ: Մարդիկ շուտ ծերացան, լրիվ հուսահատվեցին, կորցրին հավատը, և կյանքը գրեթե դադարեց: Մեզ արդեն ծանոթ տան պատշգամբներում միայն մի սիրունատես երիտասարդ համառորեն և տարօրինակ համբերությամբ ջրում էր չորացած ծաղիկները: Ճիշտ է, մարդիկ չարախնդորեն ծաղրում էին նրա այդ սովորույթը, բայց երիտաասարդը դրանից ո՛չ ամաչում էր, ո՛չ էլ հուսալքվում, չ՞է որ նա խիզախ և հարցասեր Արշալույսն էր:

Չնայած բոլոր զրկանքներին` մայրը որդուն մեծացրել և դաստիարակել էր: Այս փոքրիկ ընտանիքի կենսուրախությունը քաղաքին անբնական էր թվում և դարձել էր բամբասանքի, չարախոսության առարկա:

Մի անգամ, երբ Արշալույսը մաքրում էր բակի փոշին, իսկ մայրը զբաղված էր խոհանոցում, մի խումբ մարդիկ գոռգոռոցով ներխուժեցին նրանց տուն.

-Ինչո՞վ օգնեմ ձեզ, բարի' մարդիկ,- ժպտալով հարցրեց տղան:

-Լսո՞ւմ եք այդ ամբարտավանին, նա մեզ ծաղրում է,- բղավեց մի ծերունի:

-Այդ ի՞նչ եք ասում, մի՞թե ես կարող եմ ձեզ ծաղրել և բացի այդ ես դրա պատճառը չունեմ,- պատասխանեց տղան:

Հաղթանդամ մի տղամարդ, մականը թափահարելով, մոտեցավ Արշալույսին և ասաց.

-Դուք սրան մի տեսե'ք, իհարկե չես կարող: Քեզ մի' երևակայիր: Ասա' մեզ, ինչո՞ւ ես դու ուրախ ու երջանիկ, իսկ մենք՝ ոչ: Չլինի՞ Արևը ձեր փլատակներում ես թաքցնում:

Ամբոխը ծուլորեն հռհռաց:

-Ոչ մի նման բան: Մենք ուղղակի չենք կորցրել մեր հավատը ի տարբերություն ձեզ,-մեղմորեն պատասխանեց Արշալույսը:

Հանկարծ մայրն այդ աղմուկից վախեցած դուրս վազեց և կանգնեց որդու առջև:

-Ի՞նչ եք ուզում իմ որդուց, դուք՝ քարսիրտ և հպարտ մարդիկ:

-Մի պաշտպանի'ր նրան: Չլինի՞ սրա հանցակիցն ես,- ամբոխից մեկն ասաց:

-Ի՞նչ հանցանք: Խելագարվե՞լ եք դուք,- զարմացավ մայրը:

-Անմեղ մի' ձևացիր: Մենք կասկածում ենք, որ դուք եք թաքցրել արևը,- բղավեց մի կին:                                          

-Տանջվա'ծ մարդիկ, մենք մեղավոր չենք, դուք սխալվում եք. եթե Արևը մեզ մոտ լիներ, անշուշտ կփախչեինք քաղաքից: Բայց ինչպես տեսնում եք, ձեզ չենք լքել,- ասաց Արշալույսը:

-Այդ դեպքում ապացուցի՛ր,- հրամայեց մի ծերունի:

-Այո՛, ապացուցի'ր...ապացուցի՛ր, թե կարող ես,- բղավեցին չորս կողմից:

-Այդ դեպքում ես ճանապարհ կընկնեմ ու կգնամ Արևին փնտրելու,- համարձակ ու խրոխտ խոսեց Արշալույսը:

-Այդ ի՞նչ ես ասում որդի'ս,- հուզված բացականչեց մայրը,- ինձ մենակ մի' թող, ես չեմ դիմանա,- արցունքները հոսեցին աչքերից և անուժ փարվեց որդուն:                                                                                     

-Մի' անհանգստացիր, մայրի'կ: Այս մարդիկ անճար հայացքներով ինձ են նայում, ես պարտավոր եմ նրանց օգնել,- Արշալույսը հանգստացրեց մորը:

-Ինչո՞ւ հենց դու,- բողոքեց մայրը:

-Ես կռահում եմ մեր դժբախտության պատճառը: Եթե չօգնեմ քաղաքին, ուրեմն իրավունք չունեմ ապրելու,- պատասխանեց որդին:

Մարդիկ ապշեցին. այս երիտասարդը գիտի գաղտնիքը: Ինչպե՞ս, որտեղի՞ց...Բայց հավատացին, որովհետև այլ ելք չէին տեսնում:

Արշալույսը պատրաստվեց ճանապարհ ընկնել: Վերցրեց ուսապարկը, տեղավորեց անհրաժեշտ իրերը: Քաղաքի բնակիչները միացան և ուտելիքի մեծ պաշարով նրան ապահովեցին: Երբ ժանգոտ դարպասները ճռնչոցով բացվեցին երիտասարդի առջև, սիրտը ահ ընկավ: Նա ընտելացել էր իր քաղաքի խավարին, բայց դրանից դուրս մութն ավելի սարսափելի էր: Մատները բնազդաբար ավելի ուժեղ սեղմեցին ձեռքի ճրագը: Մեկ...երկու...երեք քայլ և Արշալույսն անհայտացավ սև մշուշում:

Երկար ճանապարհորդեց, բայց ոչ մի հետաքրքիր բան չտեսավ, բացի համատարած մեռյալ դատարկությունից: Ուղիները վտանգավոր և սոված գազաններով լեցուն, մարդիկ կասկածամիտ ու անվստահելի, քաղաքներն ու գյուղերն՝ անհյուրընկալ: Արշալույսն ափսոսանքով ու կարոտով էր նայում անխնա ու չորացած դաշտերին, երբեմն՝ լալիս, երբեմն` ժպտում: Այդ ամենը նրան ուժ էր տալիս շարունակելու որոնումները և հասնելու փրկության փափագին:

Մի օր` երկար թափառումներից հետո, հեռվում նկատեց հավասարաչափ բաշխված լուսե գնդեր: Արտասովոր երևույթ էր և խիստ անակնկալ: Առանց վարանելու գնաց ընդառաջ: Որքան մոտենում էր, գնդերն ավելի էին մոտենում ու պայծառանում: Երբ տեղ հասավ, զարմանքն ավելի կրկնապատկվեց: Մի անգամից նրա առջև վեր խոյացան երեք հսկա և զարդանախշ դարպասներ: Դրանք այնքան հոյակերտ և կատարյալ էին, որ Արշալույսը տեղում քարացավ. իր կյանքում երբեք այդքան հրաշալի տեսարան չէր բացվել, հատկապես՝ խավար տարիներին: Մոտեցավ և քաշեց զանգը.

-Ո՞վ է,- ներսից լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

-Ես ճամփորդ եմ, անունս՝ Արշալույս, իսկ դու ո՞վ ես:

-Ես անուն չունեմ, Լույսի պահապանն եմ, հսկում եմ նրա դարպասները,- պատասխանեցին ներսից:

-Լույսի՞,- ուրախացավ Արշալույսը,- դա այն է, ինչ պետք է ինձ և մարդկությանը: Ներս թո'ղ ինձ: 

-Ասա' գաղտնաբառերը և կթողնեմ,- լսվեց ներսից:

-Գաղտնաբառե՞րը, բայց ես դրանք չգիտեմ,- զարմացավ երիտասարդը:

-Ուրեմն հեռացի'ր,- հրամայեց հսկիչը:

-Խնդրում եմ օգնի'ր, հե՜յ...,- բղավեց տղան:

Ձայնը լռեց, կարծես երբեք էլ չէր հնչել: Բայց դեռ երկու դարպաս էլ կար: Արշալույսը մոտեցավ երկրորդին և թափահարեց զանգը:

-Ո՞վ է,- ձայն տվեց ինչ-որ մեկը:                                                                                                                               

-Ազնիվ ճամփորդ եմ, անունս՝ Արշալույս: Իսկ դուք ո՞վ եք:

-Ես անուն չունեմ, Արևի պահապանն եմ, հսկում եմ նրա դարպասները:                                                            

-Արևի՞,- ուրախությունից բղավեց Արշալույսը,- ես պետք է այն վերադարձնեմ մարդկանց: Ներս թո'ղ ինձ:                                                                                                                                                                    

-Ասա՛ գաղտնաբառերը և կթողնեմ,- կանչեց հսկիչը:                                                                                                

-Բայց, ախր չգիտեմ:                                                                                                                                                

-Ուրեմն հեռացի'ր,- հրամայեցին ներսից:

Մնաց վերջին դարպասը: Երիտասարդը երկմտելով մոտեցավ և լուռ կանգնեց: Զանգե՞լ, թե՞ ոչ: Իսկ եթե նորից մերժեն: Որոշ ժամանակ մտորելուց հետո ձեռքը մոտեցրեց զանգին:                                         

-Ո՞վ է,- լսվեց ներսից:                                                                                                                                                                                     

-Հոգնած ճամփորդ եմ, անունս՝ Արշալույս: Իսկ դուք ո՞վ եք,- պատասխանեց Արշալույսը:                                                                                                    

-Ես անուն չունեմ, հսկում եմ Աստծո դարպասները:                                                                                   

-Աստծո՞,- չհավատաց Արշալույսը,- նե'րս թող ինձ ես նրա օգնության կարիքն ունեմ:                                 

-Գաղտնաբառերն ասա':                                                                                                                                                       

-Ես այն չգիտեմ,- հուսահատված պատասխանեց Արշալույսը:                                                                             

-ՈՒրեմն հեռացի՛ր:                                                                                                                                                   

-Խնդրում եմ գոնե ասա', թե ինչպես իմանամ գաղտնաբառերը:

Ձայն չլսվեց:                                     

-Խնդրում եմ,- կրկնեց Արշալույսը:                                                                                                                            

-Շարունակի՛ր ճանապարհդ ուղիղ և բաց մի' թող ոչ մի հնարավորություն,- շշուկով հուշեց հսկիչը և լռեց:

Արշալույսը լսեց, բայց չհասկացավ: ՈՒղի՞ղ, հնարավորությու՞ն: Այ քեզ հանելուկ, որտե՞ղ փնտրել գաղտնաբառերը: Երիտասարդի բեռը ծանրանում էր, ուղիները` խճճվում: Այլ ելք չկար, քայլել ուղիղ և բաց չթողնել ոչ մի հնարավորություն:

Երկար քայլեց Արշալույսը` գլխիկոր և քաղցած: Մութը գնալով խտանում էր, իսկ նրա ուժերը` սպառվում: Գրեթե կորցրել էր ամայի ճանապարհներին որևէ մեկին հանդիպելու հույսը, երբ ծառերի արանքից երևաց թույլ առկայծող լույսը: Հոգնած ձեռքով սրբեց քրտինքը, երկար տրորեց աչքերը և ականապիշ նայեց լույսին: Դա ոչ պատրանք էր, ոչ էլ երազ: Գնաց ընդառաջ ու հայտնվեց ինչ-որ խրճիթի դիմաց: Թակեց դուռը:                                                                      

-Ո՞վ է,- լսվեց ծերունական վախեցած ձայն:                                                                                                    

-Անհույս ճամփորդ եմ, ինձ ներս կթողնե՞ք,- հևիհև պատասխանեց Արշալույսը:

Բանալին ճռնչաց կողպեքում և դուռը բացվեց: Մի ալեհեր ծերունի և երեք երիտասարդ աղջիկներ հայտնվեցին դռան մոտ:                                                                                                                                                 

-Ներս արի', որդի՛ս: Որտեղի՞ց ես եկել, ու՞ր ես գնում: Քաղցած կլինես, նե'րս արի,-կանչեց ծերունին և երիտասարդի հետևից կրկին կողպեց դուռը,- ի՞նչ եք կանգնել աղջիկնե'րս, ջուր բերե՛ք, հաց, շորեր, հետո անկողին պատրաստեք:

Արշալույսի պատմածը անակնկալ էր ծերունու համար: Նա անվերջ հարցեր էր տալիս և ակնդետ նայում երիտասարդի դեմքին: Չէր հասկանում՝ մարդ է, թե Աստված:

Հաջորդ առավոտյան, երբ Արշալույսը զարթնեց, նստեց նախաճաշելու թարմ ուժերով, ծերունին դիմեց նրան.                                                                                                                                                       

-Որդի՛ս, այսօր մի' գնա: Մնա մի քանի օր, իսկ մինչ այդ միասին կլուծենք այդ հանելուկը:

-Չեմ կարող հայրի՛կ, ժամանակը չի սպասում, մարդիկ՝ նույնպես:

-Այդ դեպքում մենակ մի' գնա,- խորը մտորելուց հետո ասաց ծերունին:                                                                                                  

-Իսկ ու՞մ հետ,- ծիծաղեց Արշալույսը:                                                                                                                                   

-Ընտրի'ր իմ աղջիկներից մեկին քեզ համար հարսնացու: Որ մեnbsp;span style=nbsp;nbsp;nbsp;nbsp;կին էլ ընտրես քեզ շատ կսիրի և կօգնի գտնել Արևը:

Երիտասարդը ապշած նայեց մեկ ծերունուն, մեկ նրա սիրունատես աղջիկներին և ասաց.          

 -Ավաղ հայրի'կ, եթե չլինեին այս դժվարին ժամանակները, ես չէի մերժի առաջարկդ: Բայց այժմ սիրելու` ժամանակ չունեմ:

Ծերունին շրջեց տխրադեմ հայացքը և լռեց: Արշալույսն ավարտեց նախաճաշը, վերցրեց ուտելիքով և շորերով բեռնված ուսապարկը, վառեց ճրագն ու հրաժեշտ տվեց խրճիթի բնակիչներին:

Անցան օրեր, շաբաթներ, բայց հանելուկը չէր լուծվում: Արշալույսը գրեթե ամեն րոպե, ամեն ժամ զգում էր իր վիճակի անելանելիությունը: Այսպես երկար ժամանակ անտառներում և սարերում թափառելուց, հազար ու մի գազաններից խուսափելուց հետո մի օր հայտնվեց հեքիաթային դղյակի առջև: Բախեց դարպասը և շնչակտուր սպասեց: Ներսում ստվերները խլրտացին և առանց հարցուփորձի ծանր դարպասները բացվեցին:                                                                       

-Որտե՞ղ եմ ես,- հարցրեց Արշալույսը:

-Գնա՛ ներս կիմանաս,- չոր պատասխանեց հսկիչը և փակեց դարպասները:

Երիտասարդը համարձակ մոտեցավ դղյակի ադամանդակուռ դռներին և ներս հրեց: Հատակը փայլեց առաստաղից կախված հազարավոր ջահերի արտացոլանքից ու թանկարժեք քարերով շինված պատերը շող արձակեցին:

-Ա՜յ քեզ հրաշք,- հիացած բացականչեց Արշալույսը,- չլինի՞ Արևն այստեղ է թաքնվել:                                                     

-Մի՞թե դու կարծում ես, որ ես մարդկանցից կխլեի Արևը,- հնչեց կանացի քնքուշ ձայն:

-Ո'չ, բոլորովին,- իր առջև հայտնված գեղեցկուհու տեսքից շլացած՝ կարկամեց Արշալույսը:

-Սա երա՞զ է:                                                                                                                                                                           

-Իհարկե ո'չ: Ես այնքան իրական եմ, որքան դու: Ի՞նչ ես փնտրում այս կողմերում,-հարցրեց գեղեցկուհին:                                                                                                                                                                            

-Ես մարդկանց խոստացել եմ վերադարձնել Արևը: Դու կարո՞ղ ես ասել՝ որտե՞ղ այն կարող եմ փնտրել:     

-Ես էլ չգիտեմ, բայց եթե դու չհեռանաս և մնաս ինձ մոտ, մենք միասին կփնտրենք,-վստահեցրեց գեղեցկուհին:                                                                                                                                                        

-Քեզ մո՞տ, բայց ինչպե՞ս:                                                                                                                                               

-Դարձրո'ւ ինձ քո կինը: Կսիրեմ քեզ իմ ամբողջ կյանքում: Մենք միասին կփնտրենք Արևը:                                     

-Եթե չլինեին այս ծանր ժամանակները, ես քեզ կնվիրեի իմ սիրտը: Բայց այժմ սիրո համար ժամանակ չունեմ,- հստակ ասաց Արշալույսը, գլուխը խոնարհեց գեղեցկուհու առջև և հեռացավ:                                      

Ճանապարհին խորհում էր. մի՞թե այդպես էլ չէր իմանա հնարավորության գաղտնիքը: Բավականին երկար ժամանակ էր, ինչ նրա ականջներում հնչում էին Աստծո դարպասների հսկիչի խոսքերը, բայց դրանք թվում էին անիրական և ունայն: Մտքերի կծիկը փաթաթելով՝ դանդաղ քայլում էր, երբ հանդիպակաց անտառում լսվեցին ճչոցներ:

-Սա ի՞նչ էր,- զարմացավ Արշալույսը և արագացրեց քայլերը:

Երբ հասավ անտառ, ծառերի արանքից բացվեց հետևալ տեսարանը. երկու ավազակ բռնել էին դեռատի աղջկա թևերից և քաշքշում էին: Աղջկա ոտքերից արյուն էր կաթում, իսկ դեմքն արցունքոտվել էր:                                                                                     

-Բա՛ց թողեք նրան,- խիզախորեն առաջ նետվեց Արշալույսը:                                                                                         

-Տեսե'ք, տեսե'ք, մեզ հրամայող է հայտնվել,- հռհռաց պատռված շորերով ավազակը:                                                 

-Եթե չթողնենք, ի՞նչ կանես,- հարցրեց մյուսը:                                                                                                                  

-Ես ոչինչ, բայց երբ մեկ սուլոցով կանչեմ իմ զինվորներին, կերազեք ավելի շուտ առյուծի բաժին դառնալ:                                                                                                                                                                                

-Ո՞վ ես դու, որ զորք ունենաս, քեզ չենք հավատում:                                                                                                        

-Միայն անխելքը այս խավար ժամանակներում միայնակ կթափառի,- ծաղրաբար պատասխանեց երիտասարդը,- չե՞ք հավատում, դե ուրեմն տեսեք:

Արշալույսն արագ սուլելու ժեստ արեց, երբ ավազակներից մեկը բղավեց.

-Սպասի՛ր, եթե ուզում ես վերցրու այս աղջկան, բայց ոչ մեկին մի' կանչիր` մենք կհեռանանք:

-Այո՛, այո՛, կհեռանանք,- վախեցած բացականչեց մյուսը և թողնելով աղջկա թևերը՝ որքան ուժ ուներ փախավ: Երկրորդ ավազակը հետևեց նրան:                                                                              

-Շնորհակալ եմ բարի' տղա,- հրճվանքով ասաց աղջիկը, երբ ավազակները հեռացան,- ինչպե՞ս ես այս կողմերում հայտնվել:                                                                                                                                                             

-Իմ ոտքով եմ եկել: Արևն եմ փնտրում: Իսկ դու ինչպե՞ս ես ընկել այդ ավազակների մոտ:                           

-Դա կարևոր չէ: Իսկ այն, որ դու Արևն ես փնտրում՝ արտասովոր է քո նման մահկանացուի համար,- չարաճճի հայացքով խոսեց աղջիկը,- գոնե քարտեզ ունե՞ս, հա՜-հա՜-հա՜:                                                                                                           

-Բոլորովին էլ ծիծաղելի չէ,- բարկացավ Արշալույսը,- բացի այդ, դու ազատ ես, կարող ես գնալ:

-Ո'չ, ո'չ, ո'չ, ինձ մի' լքիր: Դու փրկել ես կյանքս ու հիմա այն քոնն է:                                                                           

-Քո կյանքն ինձ պետք չէ,- ասաց երիտասարդը ու հեռացավ:

Աղջիկը հասավ նրա ետևից:                                           

-Ես քեզ հանգիստ չեմ թողնի,- գոռաց նա:                                                                                                           

-Ես քո ժամանակը չունեմ,- բարկացավ Արշալույսը:                                                                                            

-Կամուսնանա՞ս ինձ հետ:                                                                                                                                    

-Ես սիրո ժամանակ չունեմ,- պատասխանեց Արշալույսը:                                                                                                                                            

-Սերը ժամանակ չի ճանաչում: Դու երբեք չես գտնի Արևը՝ սիրո ժամանակ չունենալով,- նեղացավ աղջիկը:

Արշալույսը չպատասխանեց և ծիծաղելով քայլեց առաջ: «Բաց չթողնել ոչ մի հնարավորությունե,- հնչեց նրա մտքում: Երիտասարդը կանգնեց ու հետ շրջվեց: Նրա ուղեղում փայլատակեց հանելուկի լուծումը:                                                                                                   

-Լսի'ր սիրուն աղջիկ, միգուցե դու գիտես նաև գաղտնաբառե՞րը:                                                                    

-Ես ոչ մի գաղտնաբառ էլ չգիտեմ...Միայն...Միայն գիտեմ, որ ես քեզ արդեն սիրում եմ,- լացակումած և վիրավորված պատասխանեց աղջիկը:

Երիտասարդը մի պահ քարացավ: Իջավ ծանր լռությունը...                                                                                  

-Գտա՛,- հանկարծ բացականչեց նա,- գտա... Ես քեզ սիրում եմ...Դու պետք է գաս ինձ հետ:

Աղջիկը զարմացավ.                                                                                                                                                      

-Բայց ու՞ր:                                                                                                                                                                    

-Գնանք կտեսնես: Անցավ ևս երկու տարի, երբ Արշալույսն ու սիրուն աղջիկը հայտնվեցին Լույսի դարպասների առջև.                                                                                                                                                                             

-Ո՞վ է,- հարցրին ներսից:                                                                                                                                           

-Ես եմ` Արշալույսը:                                                                                                                                                      

-Գաղտնաբառերն ասա':

-Ես քեզ սիրում եմ...

Դարպասի դռները լայն բացվեցին և սիրահարները տեսան Լույսը:

Չհամբերեց Արշալույսը, բացեց ուսապարկը, վերցրեց Լույսը և խնամքով տեղավորեց այնտեղ: Հետո թակեցին Արևի դարպասները.                                                                                                                                                                         

-Ո՞վ է,- հարցրին ներսից:                                                                                                                                                    

-Ես եմ՝ Արշալույսը:                                                                                                                                                 

-Գաղտնաբառերն ասա':                                                                                                                                                          

- Ես քեզ սիրում եմ...

Դարպասի դռները մեղմ բացվեցին և սիրահարները տեսան Արևը: Քանի որ ուսապարկում տեղ չկար, Արշալույսն Արևը զգուշորեն տեղավորեց գրպանում: Այնուհետև մոտեցան Աստծո դարպասներին.                                                                                                                                                                        

-Ո՞վ է,- հարցրին ներսից:                                                                                                                                                  

-Ես եմ` Արշալույսը:                                                                                                                                                            

-Գաղտնաբառերն ասա':                                                                                                                                                    

-Ես քեզ սիրում եմ...

-Ուրեմն իմացի՛ր, որ դու արդեն տեսար Աստծուն: Իսկ հիմա գնա քո հայրենի քաղաքը և ուրախացրու մարդկանց,- ասաց հսկիչը և ընդմիշտ լռեց:

Երկար էին սպասել մարդիկ Արշալույսին և կամաց-կամաց մոռանում էին նրան: Մայրն ամեն օր դասավորում էր որդու սենյակը և տանջանքով լալիս: Սակայն մի բարի օր վաղուց մոռացված ճանապարհին երևացին երկու ստվեր...

-Նայե՛ք, ովքե՞ր են գալիս,- ապշահար բացականչեցին քաղաքի բնակիչները:

-Կարծես Արշալույսն է,- ասաց մեկը:

-Այո՛, նա է և առանց Արևի: Այդ ստախոսը կին է բերել:

-Թո'ղ մոտենա, տե'ս դրան ինչ ենք անելու...

Երբ Արշալույսը մոտեցավ մարդկանց, նրանք զայրացած թափահարում էին մականները:                        

-Հանգստացե'ք, բարի' մարդիկ, ես ձեզ չեմ խաբել, ահա...,- ժպտաց Արշալույսը, բացեց ուսապարկը և հանեց Լույսը, այնուհետև գրպանից հանեց Արևը և մեկնեց մարդկանց...,-Ես ձեզ սիրում եմ...

Այդ օրվանից Մանուշակ քաղաքում Լույսը բացվում էր ամեն բարի առավոտ, իսկ Արևը ծագում էր անշահ և անխռով, որովհետև մարդիկ գիտեին գաղտնաբառերը. նրանք սիրում, օգնում և պաշտպանում էին միմյանց...

Սիրելի' փոքրիկներ, մենք պատմեցինք հեքիաթը, իսկ դուք օգնե'ք մեծահասակներին հասկանալ դրա իմաստը, որովհետև դուք շա՜տ խելացի եք: Ձեզ հետ էին Գլորիկը ժամ ու ժամանակի համար, և Բոլորիկը՝ բոլորի համար:

 

 





nbsp;

Comments: