fbyoutube

Սամսոնյան Սուրեն Տաճատ «Հեքիաթ արևի մասին»

 

Ողջու՛յն փոքրիկներին, ես Բոլորիկն եմ: Գիտե՞ք ինչ եմ անում այժմ` կանգնած պատուհանի մոտ: Դիտում եմ, թե ինչպես է իմ թզուկ ընկեր Գլորիկը տեղափոխում արևն ու լուսինը: Հարցնում եք ինչո՞ւ: Նա այդպես է անում, որ քույրիկ ցերեկվան հաջորդի եղբայր գիշերը ևբերի բազում հեքիաթներ ձեզ համար:

 

Ողջու՛յն փոքրիկներին, ես Բոլորիկն եմ: Գիտե՞ք ինչ եմ անում այժմ` կանգնած պատուհանի մոտ: Դիտում եմ, թե ինչպես է իմ թզուկ ընկեր Գլորիկը տեղափոխում արևն ու լուսինը: Հարցնում եք ինչո՞ւ: Նա այդպես է անում, որ քույրիկ ցերեկվան հաջորդի եղբայր գիշերը ևբերի բազում հեքիաթներ ձեզ համար: Գլորիկն արդեն ավարտեց իր գործը, իսկ դուք հարմարավետ տեղավորվեք հեքիաթի գրկում, թերթեք էջերն ու ուշադիր լսեք փոքրիկ աշխարհի մեծագույն պատմություններից մեկը:
Եկան ժամանակներ, երբ փոքրիկ Մանուշակ քաղաքի բնակիչները խիստ տագնապեցին: Մի օր արևը մայր մտավ և այլևս չծագեց: Լռեց թռչունների երգը, ծաղիկները գունազրկվեցին, իսկ մանուկներն անվերջ լացում էին ու լացում: Քունը խավար էր: Աշխատանքը դադարել էր, փողոցներում ստվերներ չէին խաղում: Միայն ժամանակ առ ժամանակ զանազան առարկաներ հպվում էին մռայլ պատերին և խաթարում լռությունը: Մարդիկ հուսահատվել էին: Նրանք մտածում էին, որ մութը հավերժ հյուր էր ու ոչինչ նրանց չէր փրկելու...
Քաղաքի ծայրամասում կար երկհարկանի, քանդված պատշգամբներով մի տուն: Այդ տանն ապրում էին մայր ու որդի: Որդու անունն Արշալույս էր: Նրանք աղքատ էին: Սովի չմատնվելու համար երբեմն հաց էին խնդրում հարևաններից: Ոմանք խղճում էին նրանց և կերակրում, իսկ ոմանց տների դռներն էլ նրանց առջև երբեք չէին բացվել: Սկզբում խավարը Արշալույսին վախեցրեց` անսպասելի էր և չարագուշակ: Բայց հետո փոքրիկ տղան համարձակվում էր փախչել տնից և քայլել դատարկ փողոցներով: Մի օր նա չհամբերեց և հարցրեց մորը.
-Մայրի’կ, ի՞նչու են երեխաները լալիս:
-Չգիտեմ որդի’ս, երևի քաղցած են,- պատասխանեց մայրը:
-Բայց ես էլ եմ երբեմն քաղցած լինում ու չեմ լալիս: Ինձ թվում է, որ նրանց այնքան շատ չեն սիրում, ինչպես դու ես ինձ սիրում:
Մայրը լուռ ժպտաց և համբուրեց որդու ճակատը:
Մի գիշեր էլ, երբ նա ավարտեց հեքիաթը և ուզում էր որդուն բարի գիշեր մաղթել, Արշալույսը հարցրեց.
-Մայրի’կ, ինչու՞ մարդիկ իրար հետ էլ չեն խոսում:
-Նրանք շատ են աշխատել ու հոգնել են,- պատասխանեց մայրը:
-Բայց դու նրանցից շատ ես աշխատում, այնպես չէ՞: Մի՞թե դու չես հոգնում,-համառեց տղան:
-Իհարկե հոգնում եմ,- ավելացրեց մայրը:
-ՈՒրեմն դա չէ պատճառը: Ես նկատել եմ, որ մարդիկ միմյանց չեն բարևում: Դու ինձ ասել ես, որ դա անհրաժեշտ է: Դրա համար էլ ոչինչ չի ստացվում: Ճիշտ չե՞մ:
-Ճիշտ ես անգի’նս: Իսկ հիմա քնի՛ր,- արագ կանգնելով` պատասխանեց մայրը, բայց հաջորդ հարցին կրկին նստեց:
-Միևնույնն է, երբ արթնանամ նորից գիշեր է լինելու,- ասաց Արշալույսը:
-Այդպես մի’ խոսիր: Ես լսել եմ, որ վաղն Արևը միգուցե կծագի:
-Սուտ է: Մարդիկ սիրում են ստել: Այնքան միմյանց խաբեցին, որ Արևն էլ մեզ խաբեց՝ ցույց տալով, թե անմար է: Իսկ դա վատ է և անարդար,- ասաց Արշալույսը և աչքերը տխուր խոնարհեց:
-Եթե հիմա չքնես, կբարկանամ,- խիստ խոսեց մայրը:
-Եթե դու էլ պետք է բարկանաս, ուրեմն Արևն էլ երբե՛ք չի ծագի,- լացակումած բղավեց որդին, ծածկոցը քաշեց գլխին և քնեց:
...Եվ քնեց: Համենայնդեպս այդպես էր կարծում մայրը: Բայց Արշալույսի աչքերը չէին փակվում: Մայրը սկսեց անհանգստանալ, իսկ հարցերը գնալով շատանում էին ու շատանում: Ոչ ոք գլխի չէր ընկնում, որ այդ փոքրիկ տդան գրեթե գիտեր այդ քաղաքի փրկության ուղին:
Անցան երկար ու հոգնեցուցիչ տարիներ: Մարդիկ շուտ ծերացան, լրիվ հուսահատվեցին, կորցրին հավատը, և կյանքը գրեթե դադարեց: Մեզ արդեն ծանոթ տան պատշգամբներում միայն մի սիրունատես երիտասարդ համառորեն և տարօրինակ համբերությամբ ջրում էր չորացած ծաղիկները: Ճիշտ է, մարդիկ չարախնդորեն ծաղրում էին նրա այդ սովորույթը, բայց երիտաասարդը դրանից ո՛չ ամաչում էր, ո՛չ էլ հուսալքվում, չ՞է որ նա խիզախ և հարցասեր Արշալույսն էր:
Չնայած բոլոր զրկանքներին` մայրը որդուն մեծացրել և դաստիարակել էր: Այս փոքրիկ ընտանիքի կենսուրախությունը քաղաքին անբնական էր թվում և դարձել էր բամբասանքի, չարախոսության առարկա:
Մի անգամ, երբ Արշալույսը մաքրում էր բակի փոշին, իսկ մայրը զբաղված էր խոհանոցում, մի խումբ մարդիկ գոռգոռոցով ներխուժեցին նրանց տուն.
-Ինչո՞վ օգնեմ ձեզ, բարի’ մարդիկ,- ժպտալով հարցրեց տղան:
-Լսո՞ւմ եք այդ ամբարտավանին, նա մեզ ծաղրում է,- բղավեց մի ծերունի:
-Այդ ի՞նչ եք ասում, մի՞թե ես կարող եմ ձեզ ծաղրել և բացի այդ ես դրա պատճառը չունեմ,- պատասխանեց տղան:
Հաղթանդամ մի տղամարդ, մականը թափահարելով, մոտեցավ Արշալույսին և ասաց.
-Դուք սրան մի տեսե’ք, իհարկե չես կարող: Քեզ մի' երևակայիր: Ասա’ մեզ, ինչո՞ւ ես դու ուրախ ու երջանիկ, իսկ մենք՝ ոչ: Չլինի՞ Արևը ձեր փլատակներում ես թաքցնում:
Ամբոխը ծուլորեն հռհռաց:
-Ոչ մի նման բան: Մենք ուղղակի չենք կորցրել մեր հավատը ի տարբերություն ձեզ,-մեղմորեն պատասխանեց Արշալույսը:
Հանկարծ մայրն այդ աղմուկից վախեցած դուրս վազեց և կանգնեց որդու առջև:
-Ի՞նչ եք ուզում իմ որդուց, դուք՝ քարսիրտ և հպարտ մարդիկ:
-Մի պաշտպանի’ր նրան: Չլինի՞ սրա հանցակիցն ես,- ամբոխից մեկն ասաց:
-Ի՞նչ հանցանք: Խելագարվե՞լ եք դուք,- զարմացավ մայրը:
-Անմեղ մի’ ձևացիր: Մենք կասկածում ենք, որ դուք եք թաքցրել արևը,- բղավեց մի կին:
-Տանջվա’ծ մարդիկ, մենք մեղավոր չենք, դուք սխալվում եք. եթե Արևը մեզ մոտ լիներ, անշուշտ կփախչեինք քաղաքից: Բայց ինչպես տեսնում եք, ձեզ չենք լքել,- ասաց Արշալույսը:
-Այդ դեպքում ապացուցի՛ր,- հրամայեց մի ծերունի:
-Այո՛, ապացուցի’ր...ապացուցի՛ր, թե կարող ես,- բղավեցին չորս կողմից:
-Այդ դեպքում ես ճանապարհ կընկնեմ ու կգնամ Արևին փնտրելու,- համարձակ ու խրոխտ խոսեց Արշալույսը:
-Այդ ի՞նչ ես ասում որդի’ս,- հուզված բացականչեց մայրը,- ինձ մենակ մի’ թող, ես չեմ դիմանա,- արցունքները հոսեցին աչքերից և անուժ փարվեց որդուն:
-Մի’ անհանգստացիր, մայրի’կ: Այս մարդիկ անճար հայացքներով ինձ են նայում, ես պարտավոր եմ նրանց օգնել,- Արշալույսը հանգստացրեց մորը:
-Ինչո՞ւ հենց դու,- բողոքեց մայրը:
-Ես կռահում եմ մեր դժբախտության պատճառը: Եթե չօգնեմ քաղաքին, ուրեմն իրավունք չունեմ ապրելու,- պատասխանեց որդին:
Մարդիկ ապշեցին. այս երիտասարդը գիտի գաղտնիքը: Ինչպե՞ս, որտեղի՞ց...Բայց հավատացին, որովհետև այլ ելք չէին տեսնում:
Արշալույսը պատրաստվեց ճանապարհ ընկնել: Վերցրեց ուսապարկը, տեղավորեց անհրաժեշտ իրերը: Քաղաքի բնակիչները միացան և ուտելիքի մեծ պաշարով նրան ապահովեցին: Երբ ժանգոտ դարպասները ճռնչոցով բացվեցին երիտասարդի առջև, սիրտը ահ ընկավ: Նա ընտելացել էր իր քաղաքի խավարին, բայց դրանից դուրս մութն ավելի սարսափելի էր: Մատները բնազդաբար ավելի ուժեղ սեղմեցին ձեռքի ճրագը: Մեկ...երկու...երեք քայլ և Արշալույսն անհայտացավ սև մշուշում:
Երկար ճանապարհորդեց, բայց ոչ մի հետաքրքիր բան չտեսավ, բացի համատարած մեռյալ դատարկությունից: Ուղիները վտանգավոր և սոված գազաններով լեցուն, մարդիկ կասկածամիտ ու անվստահելի, քաղաքներն ու գյուղերն՝ անհյուրընկալ: Արշալույսն ափսոսանքով ու կարոտով էր նայում անխնա ու չորացած դաշտերին, երբեմն՝ լալիս, երբեմն` ժպտում: Այդ ամենը նրան ուժ էր տալիս շարունակելու որոնումները և հասնելու փրկության փափագին:
Մի օր` երկար թափառումներից հետո, հեռվում նկատեց հավասարաչափ բաշխված լուսե գնդեր: Արտասովոր երևույթ էր և խիստ անակնկալ: Առանց վարանելու գնաց ընդառաջ: Որքան մոտենում էր, գնդերն ավելի էին մոտենում ու պայծառանում: Երբ տեղ հասավ, զարմանքն ավելի կրկնապատկվեց: Մի անգամից նրա առջև վեր խոյացան երեք հսկա և զարդանախշ դարպասներ: Դրանք այնքան հոյակերտ և կատարյալ էին, որ Արշալույսը տեղում քարացավ. իր կյանքում երբեք այդքան հրաշալի տեսարան չէր բացվել, հատկապես՝ խավար տարիներին: Մոտեցավ և քաշեց զանգը.
-Ո՞վ է,- ներսից լսվեց ինչ-որ մեկի ձայնը:
-Ես ճամփորդ եմ, անունս՝ Արշալույս, իսկ դու ո՞վ ես:
-Ես անուն չունեմ, Լույսի պահապանն եմ, հսկում եմ նրա դարպասները,- պատասխանեցին ներսից:
-Լույսի՞,- ուրախացավ Արշալույսը,- դա այն է, ինչ պետք է ինձ և մարդկությանը: Ներս թո’ղ ինձ:
-Ասա’ գաղտնաբառերը և կթողնեմ,- լսվեց ներսից:
-Գաղտնաբառե՞րը, բայց ես դրանք չգիտեմ,- զարմացավ երիտասարդը:
-Ուրեմն հեռացի’ր,- հրամայեց հսկիչը:
-Խնդրում եմ օգնի’ր, հե՜յ...,- բղավեց տղան:
Ձայնը լռեց, կարծես երբեք էլ չէր հնչել: Բայց դեռ երկու դարպաս էլ կար: Արշալույսը մոտեցավ երկրորդին և թափահարեց զանգը:
-Ո՞վ է,- ձայն տվեց ինչ-որ մեկը:
-Ազնիվ ճամփորդ եմ, անունս՝ Արշալույս: Իսկ դուք ո՞վ եք:
-Ես անուն չունեմ, Արևի պահապանն եմ, հսկում եմ նրա դարպասները:
-Արևի՞,- ուրախությունից բղավեց Արշալույսը,- ես պետք է այն վերադարձնեմ մարդկանց: Ներս թո’ղ ինձ:
-Ասա՛ գաղտնաբառերը և կթողնեմ,- կանչեց հսկիչը:
-Բայց, ախր չգիտեմ:
-Ուրեմն հեռացի’ր,- հրամայեցին ներսից:
Մնաց վերջին դարպասը: Երիտասարդը երկմտելով մոտեցավ և լուռ կանգնեց: Զանգե՞լ, թե՞ ոչ: Իսկ եթե նորից մերժեն: Որոշ ժամանակ մտորելուց հետո ձեռքը մոտեցրեց զանգին:
-Ո՞վ է,- լսվեց ներսից:
-Հոգնած ճամփորդ եմ, անունս՝ Արշալույս: Իսկ դուք ո՞վ եք,- պատասխանեց Արշալույսը:
-Ես անուն չունեմ, հսկում եմ Աստծո դարպասները:
-Աստծո՞,- չհավատաց Արշալույսը,- նե’րս թող ինձ ես նրա օգնության կարիքն ունեմ:
-Գաղտնաբառերն ասա’:
-Ես այն չգիտեմ,- հուսահատված պատասխանեց Արշալույսը:
-ՈՒրեմն հեռացի՛ր:
-Խնդրում եմ գոնե ասա’, թե ինչպես իմանամ գաղտնաբառերը:
Ձայն չլսվեց:
-Խնդրում եմ,- կրկնեց Արշալույսը:
-Շարունակի՛ր ճանապարհդ ուղիղ և բաց մի’ թող ոչ մի հնարավորություն,- շշուկով հուշեց հսկիչը և լռեց:
Արշալույսը լսեց, բայց չհասկացավ: ՈՒղի՞ղ, հնարավորությու՞ն: Այ քեզ հանելուկ, որտե՞ղ փնտրել գաղտնաբառերը: Երիտասարդի բեռը ծանրանում էր, ուղիները` խճճվում: Այլ ելք չկար, քայլել ուղիղ և բաց չթողնել ոչ մի հնարավորություն:
Երկար քայլեց Արշալույսը` գլխիկոր և քաղցած: Մութը գնալով խտանում էր, իսկ նրա ուժերը` սպառվում: Գրեթե կորցրել էր ամայի ճանապարհներին որևէ մեկին հանդիպելու հույսը, երբ ծառերի արանքից երևաց թույլ առկայծող լույսը: Հոգնած ձեռքով սրբեց քրտինքը, երկար տրորեց աչքերը և ականապիշ նայեց լույսին: Դա ոչ պատրանք էր, ոչ էլ երազ: Գնաց ընդառաջ ու հայտնվեց ինչ-որ խրճիթի դիմաց: Թակեց դուռը:
-Ո՞վ է,- լսվեց ծերունական վախեցած ձայն:
-Անհույս ճամփորդ եմ, ինձ ներս կթողնե՞ք,- հևիհև պատասխանեց Արշալույսը:
Բանալին ճռնչաց կողպեքում և դուռը բացվեց: Մի ալեհեր ծերունի և երեք երիտասարդ աղջիկներ հայտնվեցին դռան մոտ:
-Ներս արի’, որդի՛ս: Որտեղի՞ց ես եկել, ու՞ր ես գնում: Քաղցած կլինես, նե’րս արի,-կանչեց ծերունին և երիտասարդի հետևից կրկին կողպեց դուռը,- ի՞նչ եք կանգնել աղջիկնե’րս, ջուր բերե՛ք, հաց, շորեր, հետո անկողին պատրաստեք:
Արշալույսի պատմածը անակնկալ էր ծերունու համար: Նա անվերջ հարցեր էր տալիս և ակնդետ նայում երիտասարդի դեմքին: Չէր հասկանում՝ մարդ է, թե Աստված:
Հաջորդ առավոտյան, երբ Արշալույսը զարթնեց, նստեց նախաճաշելու թարմ ուժերով, ծերունին դիմեց նրան.
-Որդի՛ս, այսօր մի’ գնա: Մնա մի քանի օր, իսկ մինչ այդ միասին կլուծենք այդ հանելուկը:
-Չեմ կարող հայրի՛կ, ժամանակը չի սպասում, մարդիկ՝ նույնպես:
-Այդ դեպքում մենակ մի’ գնա,- խորը մտորելուց հետո ասաց ծերունին:
-Իսկ ու՞մ հետ,- ծիծաղեց Արշալույսը:
-Ընտրի’ր իմ աղջիկներից մեկին քեզ համար հարսնացու: Որ մեկին էլ ընտրես քեզ շատ կսիրի և կօգնի գտնել Արևը:
Երիտասարդը ապշած նայեց մեկ ծերունուն, մեկ նրա սիրունատես աղջիկներին և ասաց.
-Ավաղ հայրի’կ, եթե չլինեին այս դժվարին ժամանակները, ես չէի մերժի առաջարկդ: Բայց այժմ սիրելու` ժամանակ չունեմ:
Ծերունին շրջեց տխրադեմ հայացքը և լռեց: Արշալույսն ավարտեց նախաճաշը, վերցրեց ուտելիքով և շորերով բեռնված ուսապարկը, վառեց ճրագն ու հրաժեշտ տվեց խրճիթի բնակիչներին:
Անցան օրեր, շաբաթներ, բայց հանելուկը չէր լուծվում: Արշալույսը գրեթե ամեն րոպե, ամեն ժամ զգում էր իր վիճակի անելանելիությունը: Այսպես երկար ժամանակ անտառներում և սարերում թափառելուց, հազար ու մի գազաններից խուսափելուց հետո մի օր հայտնվեց հեքիաթային դղյակի առջև: Բախեց դարպասը և շնչակտուր սպասեց: Ներսում ստվերները խլրտացին և առանց հարցուփորձի ծանր դարպասները բացվեցին:
-Որտե՞ղ եմ ես,- հարցրեց Արշալույսը:
-Գնա՛ ներս կիմանաս,- չոր պատասխանեց հսկիչը և փակեց դարպասները:
Երիտասարդը համարձակ մոտեցավ դղյակի ադամանդակուռ դռներին և ներս հրեց: Հատակը փայլեց առաստաղից կախված հազարավոր ջահերի արտացոլանքից ու թանկարժեք քարերով շինված պատերը շող արձակեցին:
-Ա՜յ քեզ հրաշք,- հիացած բացականչեց Արշալույսը,- չլինի՞ Արևն այստեղ է թաքնվել:
-Մի՞թե դու կարծում ես, որ ես մարդկանցից կխլեի Արևը,- հնչեց կանացի քնքուշ ձայն:
-Ո’չ, բոլորովին,- իր առջև հայտնված գեղեցկուհու տեսքից շլացած՝ կարկամեց Արշալույսը:
-Սա երա՞զ է:
-Իհարկե ո’չ: Ես այնքան իրական եմ, որքան դու: Ի՞նչ ես փնտրում այս կողմերում,-հարցրեց գեղեցկուհին:
-Ես մարդկանց խոստացել եմ վերադարձնել Արևը: Դու կարո՞ղ ես ասել՝ որտե՞ղ այն կարող եմ փնտրել:
-Ես էլ չգիտեմ, բայց եթե դու չհեռանաս և մնաս ինձ մոտ, մենք միասին կփնտրենք,-վստահեցրեց գեղեցկուհին:
-Քեզ մո՞տ, բայց ինչպե՞ս:
-Դարձրո’ւ ինձ քո կինը: Կսիրեմ քեզ իմ ամբողջ կյանքում: Մենք միասին կփնտրենք Արևը:
-Եթե չլինեին այս ծանր ժամանակները, ես քեզ կնվիրեի իմ սիրտը: Բայց այժմ սիրո համար ժամանակ չունեմ,- հստակ ասաց Արշալույսը, գլուխը խոնարհեց գեղեցկուհու առջև և հեռացավ:
Ճանապարհին խորհում էր. մի՞թե այդպես էլ չէր իմանա հնարավորության գաղտնիքը: Բավականին երկար ժամանակ էր, ինչ նրա ականջներում հնչում էին Աստծո դարպասների հսկիչի խոսքերը, բայց դրանք թվում էին անիրական և ունայն: Մտքերի կծիկը փաթաթելով՝ դանդաղ քայլում էր, երբ հանդիպակաց անտառում լսվեցին ճչոցներ:
-Սա ի՞նչ էր,- զարմացավ Արշալույսը և արագացրեց քայլերը:
Երբ հասավ անտառ, ծառերի արանքից բացվեց հետևալ տեսարանը. երկու ավազակ բռնել էին դեռատի աղջկա թևերից և քաշքշում էին: Աղջկա ոտքերից արյուն էր կաթում, իսկ դեմքն արցունքոտվել էր:
-Բա՛ց թողեք նրան,- խիզախորեն առաջ նետվեց Արշալույսը:
-Տեսե’ք, տեսե’ք, մեզ հրամայող է հայտնվել,- հռհռաց պատռված շորերով ավազակը:
-Եթե չթողնենք, ի՞նչ կանես,- հարցրեց մյուսը:
-Ես ոչինչ, բայց երբ մեկ սուլոցով կանչեմ իմ զինվորներին, կերազեք ավելի շուտ առյուծի բաժին դառնալ:
-Ո՞վ ես դու, որ զորք ունենաս, քեզ չենք հավատում:
-Միայն անխելքը այս խավար ժամանակներում միայնակ կթափառի,- ծաղրաբար պատասխանեց երիտասարդը,- չե՞ք հավատում, դե ուրեմն տեսեք:
Արշալույսն արագ սուլելու ժեստ արեց, երբ ավազակներից մեկը բղավեց.
-Սպասի՛ր, եթե ուզում ես վերցրու այս աղջկան, բայց ոչ մեկին մի’ կանչիր` մենք կհեռանանք:
-Այո՛, այո՛, կհեռանանք,- վախեցած բացականչեց մյուսը և թողնելով աղջկա թևերը՝ որքան ուժ ուներ փախավ: Երկրորդ ավազակը հետևեց նրան:
-Շնորհակալ եմ բարի’ տղա,- հրճվանքով ասաց աղջիկը, երբ ավազակները հեռացան,- ինչպե՞ս ես այս կողմերում հայտնվել:
-Իմ ոտքով եմ եկել: Արևն եմ փնտրում: Իսկ դու ինչպե՞ս ես ընկել այդ ավազակների մոտ:
-Դա կարևոր չէ: Իսկ այն, որ դու Արևն ես փնտրում՝ արտասովոր է քո նման մահկանացուի համար,- չարաճճի հայացքով խոսեց աղջիկը,- գոնե քարտեզ ունե՞ս, հա՜-հա՜-հա՜:
-Բոլորովին էլ ծիծաղելի չէ,- բարկացավ Արշալույսը,- բացի այդ, դու ազատ ես, կարող ես գնալ:
-Ո’չ, ո’չ, ո’չ, ինձ մի’ լքիր: Դու փրկել ես կյանքս ու հիմա այն քոնն է:
-Քո կյանքն ինձ պետք չէ,- ասաց երիտասարդը ու հեռացավ:
Աղջիկը հասավ նրա ետևից:
-Ես քեզ հանգիստ չեմ թողնի,- գոռաց նա:
-Ես քո ժամանակը չունեմ,- բարկացավ Արշալույսը:
-Կամուսնանա՞ս ինձ հետ:
-Ես սիրո ժամանակ չունեմ,- պատասխանեց Արշալույսը:
-Սերը ժամանակ չի ճանաչում: Դու երբեք չես գտնի Արևը՝ սիրո ժամանակ չունենալով,- նեղացավ աղջիկը:
Արշալույսը չպատասխանեց և ծիծաղելով քայլեց առաջ: «Բաց չթողնել ոչ մի հնարավորությունե,- հնչեց նրա մտքում: Երիտասարդը կանգնեց ու հետ շրջվեց: Նրա ուղեղում փայլատակեց հանելուկի լուծումը:
-Լսի’ր սիրուն աղջիկ, միգուցե դու գիտես նաև գաղտնաբառե՞րը:
-Ես ոչ մի գաղտնաբառ էլ չգիտեմ...Միայն...Միայն գիտեմ, որ ես քեզ արդեն սիրում եմ,- լացակումած և վիրավորված պատասխանեց աղջիկը:
Երիտասարդը մի պահ քարացավ: Իջավ ծանր լռությունը...
-Գտա՛,- հանկարծ բացականչեց նա,- գտա... Ես քեզ սիրում եմ...Դու պետք է գաս ինձ հետ:
Աղջիկը զարմացավ.
-Բայց ու՞ր:
-Գնանք կտեսնես: Անցավ ևս երկու տարի, երբ Արշալույսն ու սիրուն աղջիկը հայտնվեցին Լույսի դարպասների առջև.
-Ո՞վ է,- հարցրին ներսից:
-Ես եմ` Արշալույսը:
-Գաղտնաբառերն ասա':
-Ես քեզ սիրում եմ...
Դարպասի դռները լայն բացվեցին և սիրահարները տեսան Լույսը:
Չհամբերեց Արշալույսը, բացեց ուսապարկը, վերցրեց Լույսը և խնամքով տեղավորեց այնտեղ: Հետո թակեցին Արևի դարպասները.
-Ո՞վ է,- հարցրին ներսից:
-Ես եմ՝ Արշալույսը:
-Գաղտնաբառերն ասա':
- Ես քեզ սիրում եմ...
Դարպասի դռները մեղմ բացվեցին և սիրահարները տեսան Արևը: Քանի որ ուսապարկում տեղ չկար, Արշալույսն Արևը զգուշորեն տեղավորեց գրպանում: Այնուհետև մոտեցան Աստծո դարպասներին.
-Ո՞վ է,- հարցրին ներսից:
-Ես եմ` Արշալույսը:
-Գաղտնաբառերն ասա':
-Ես քեզ սիրում եմ...
-Ուրեմն իմացի՛ր, որ դու արդեն տեսար Աստծուն: Իսկ հիմա գնա քո հայրենի քաղաքը և ուրախացրու մարդկանց,- ասաց հսկիչը և ընդմիշտ լռեց:
Երկար էին սպասել մարդիկ Արշալույսին և կամաց-կամաց մոռանում էին նրան: Մայրն ամեն օր դասավորում էր որդու սենյակը և տանջանքով լալիս: Սակայն մի բարի օր վաղուց մոռացված ճանապարհին երևացին երկու ստվեր...
-Նայե՛ք, ովքե՞ր են գալիս,- ապշահար բացականչեցին քաղաքի բնակիչները:
-Կարծես Արշալույսն է,- ասաց մեկը:
-Այո՛, նա է և առանց Արևի: Այդ ստախոսը կին է բերել:
-Թո’ղ մոտենա, տե’ս դրան ինչ ենք անելու...
Երբ Արշալույսը մոտեցավ մարդկանց, նրանք զայրացած թափահարում էին մականները:
-Հանգստացե’ք, բարի’ մարդիկ, ես ձեզ չեմ խաբել, ահա...,- ժպտաց Արշալույսը, բացեց ուսապարկը և հանեց Լույսը, այնուհետև գրպանից հանեց Արևը և մեկնեց մարդկանց...,-Ես ձեզ սիրում եմ...
Այդ օրվանից Մանուշակ քաղաքում Լույսը բացվում էր ամեն բարի առավոտ, իսկ Արևը ծագում էր անշահ և անխռով, որովհետև մարդիկ գիտեին գաղտնաբառերը. նրանք սիրում, օգնում և պաշտպանում էին միմյանց...
Սիրելի’ փոքրիկներ, մենք պատմեցինք հեքիաթը, իսկ դուք օգնե’ք մեծահասակներին հասկանալ դրա իմաստը, որովհետև դուք շա՜տ խելացի եք: Ձեզ հետ էին Գլորիկը ժամ ու ժամանակի համար, և Բոլորիկը՝ բոլորի համար:

Comments: