fbyoutube

Օհանջանյան Անահիտ Սամվել «Բեկված խաչքարեր»

Երեկո Էր: Վառարանը ճթճթում էր: Սենյակում հավաքված էր մի գերդաստան: Թոռները թմրել էին վառարանի տաքությունից ու ցանկանում էին քնել: Հանկարծ նրանցից փոքրն ասաց.
-Արտա՛կ պապիկ, մի հեքիաթ պատմի՛ր:

 

Երեկո Էր: Վառարանը ճթճթում էր: Սենյակում հավաքված էր մի գերդաստան: Թոռները թմրել էին վառարանի տաքությունից ու ցանկանում էին քնել: Հանկարծ նրանցից փոքրն ասաց.
-Արտա՛կ պապիկ, մի հեքիաթ պատմի՛ր:

Պպապը մատածեց, մտածեց ու ասաց.
-Լա՛վ, հիմա բոլորդ հարմար նստե՛ք ու լո՛ւռ կացեք: Կպատմեմ:
Կար-չկար մի գյուղ կար: Գյուղը գտնվում էր լեռների ստորոտում` շրջապատված անտառներով: Գյուղի միջով անցնում էր մի գետ: Գարնան գալուն պես` լեռների հաստ շերտը բարակում էր, անտառների սպիտակ քողը հալչումում ու լցվում էր գետը, որը գարնանը շատ էր վարարում, իսկ ամռանը գյուղացիները, մտնելով գետը, զովանում էին նրա պաղ ջրերում: Գյուղում բոլորը ապրում էին իրենց խաղաղ կյանքով մինչև…
Առավոտ էր: Պայծառ արեգակը շողում էր երկնքում ու լավ օր խոստանում: Երկինքը խաղաղ էր, ինչպես մի խաղաղ ծով, որտեղ լողում էին սպիտակ ամպերը: Իսկ գյուղացիները, որոնք արևի շողերից արդեն լավ կարմրել էին, զբաղված էին իրենց առօրյա գործերով: Կանայք լվացք էին անում գետի ափին ու խնամում երեխաներին, իսկ երեխաներն անընդհատ չարաճճիություն էին անում ու զայրացնում մայրիկներին` խաղալով գետի ջինջ ջրերի հետ: Օրիորդները ծիծաղելով զբոսնում ու թռչկոտում թիթեռների պես ու գեղեցիկ ծաղիկներ հավաքում: Ծերունիները իրենց ուժասպառ ձեռքերով բռնել էին բահն ու փորձում էին մշակել իրենց մի բուռ հողը, որի օգնությամբ պետք է կերակրեին իրենց ընտանիքներն այնքան ժամանակ, մինչև գան իրենց որդիները:
Մի քանի օր առաջ թուրք զինվորները հատուկ հրամանով եկել ու տարել էին գյուղի այն տղամարդկանց, որոնք ի զորու էին կռվելու: Առանց ինչ-որ բացատրության հավաքել տարել էին: Այդ ընթացքում գյուղի ղեկավարումը հանձն էր առել մի ծերունի: Ծերունին նիհար, բայց բարցրահասակ մի տղամարդ էր` քթի տակ երկար, ճերմակ ու ոլորված բեղերով: Գլխի մազերից շատերը թափվել էին: Նիհար դեմքի վրա ուներ երկու խորշեր, որոնց միջից երևում էին երկու սև, խոշոր, բայց թախծոտ աչքեր, ուներ դուրս պրծած մի խոշոր քիթ` բնորոշ մեզ` հայերիս, ձեռքերը մեծ էին ու չնայած իր տարիքին` շատ ավելի առույգ էին, քան մարմնի մնացած մասերը:Նրա բակից միշտ թխկթխկոց էր լսվում: Գյուղացիների համար այս ձայնը կարծես օրհնանք լիներ: Գյուղացիները հաճախ նրան հարցնում էին.
-Քեռի՛ Խաչիկ, կգա՞ մի ժամանակ, երբ զարկերդ դադարեն:
Իսկ նա խոնարհ պատասխանում էր.
-Այո՛, չէ՞ որ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը, երբ իմ սիրտը դադարի բաբախել, ու ես մեռնեմ, մուրճիս զարկերն այլևս չեք լսի:
Գյուղում նրան շատ էին սիրում: Նա միշտ բոլորին օգնում էր ու աջակցում: Քեռի Խաչիկն ուներ երեք որդ: Մեծն ու միջնեկն ուսման հանդեպ սեր չունեին. մեկը հողագործ էր, իսկ մյուսը՝ շինարար: Խաչիկը դժգոհ չէր որդիներից: Նրա համար կարևորն այն էր, որ իրենց ապրուստը արդար քրտինքով են վաստակում ու այդ գումարով կարող են պահել իրենց տունն ու ընտանիքը: Երկուսն էլ ամուսնացած էին ու ապրում էին հոր տանը, քանի որ Խաչիկը միտումնավոր էր տունը շատ մեծ կառուցել: Նա ասում էր.
-Ես ինձ լավ եմ զգում այն ժամանակ, երբ տղանաերս, հարսներս ու թոռնիկներս իմ կոխքին են, և ես էլ նրանց տեսնու եմ ամեն օր:
Նրա երեք որդիներն էլ հաղթանդամ էին, շատ դժվարություններ էին տեսել, բայց հաղթահարել էին ու ավելի ամրապնդվել: Վաղ տարիքից կորցրել էին մորը` մեծացել առանց նրա սիրո ու գուրգուրանքի, բայց Խաչիկը նրանց համար և՛ մայր էր, և՛ հայր:
Մեծ որդին՝ Արարատը, միշտ իր խրատներով օգնում էր եղբայրներին: Նա լայն թիկունքով, փոքրիկ մորուքով, արևից լավ կարմրած դեմքով, գեղեցիկ դիմագծերով մի երիտասարդ էր: Միջնեկը՝ Բագրատը, նման էր մեծ եղբորը, իսկ փոքրը՝ Արտակը, սպիտակամորթ, կանաչ ու մեծ աչքերով, գեղեցիկ շրթունքներով, կարմիր այ- տերով, գանգրահեր մազերով մի երիտասարդ էր՝ մի փոքր ավելի նիհար, քան մյուս եղբայրները:
Հարսներն ու թոռները շատ էին սիրում Խաչիկին: Ամեն երեկո, երբ Խաչիկը ներս էր մտնում, փոքրիկ թոռնիկները՝ Եվան ու Արտաշեսը, վազում էին դեպի պապիկը, ջուր լցնում նրա կոշտացած ձեռքերին, հետո պապիկը ձեռքը տանում էր գրպանn ու ինչ-որ համեղ բան տալիս փոքրիկներին: Հարսները սեղան էին գցում, ծերունու աչքերին չնայելով, այնուհետև սեղան նստում:
Ծերունու ցավը փոքր որդին էր, որը գնացել էր Ռուսաստան ուսումը շարունակելու, այնուհետև սիրահարվել կիսառուս-կիսահայ մի աղջկա ու ամուսնացել նրա հետ: Խաչիկը երբեմն-երբեմն տեսնում էր նամակների մեջ դրված նրանց նկարները: Ինչ խոսք, նոր հարսը շատ գեղեցիկ էր` կապույտ աչքերով: Արտակի համեմատ` ավելի բաց մազերով ու մաշկով, գեղեցիկ, փոքրիկ շրթունքներով, նեղ իրանով: Արտակը նրա հետ սովորել էր նույն համալսարանում՝ իրավաբանական ֆակուլտետում: Այդ իսկ պատճառով էլ ետ չեր ուզում գալ:
Ծերունին քանդակագործ էր ու այժմ էլ պատրաստում էր հերթական խաչքարը: Աշխատում էր ու քթի տակ շշնջում` աղոթում էր, որ իր երկու զավակները, որոնց տարել էին թուրքերը, ողջ ու առողջ գան տուն, նրանց հետ նաև մոլորված գառնուկը՝ փոքր որդին:
Ծերունին, որն ուրախ ու խանդավառ մարդ էր, զավակների գնալուց մռայլվել էր և հյուծվել, բայց կնճիռներից շատերի պատճառը Արտակն էր՝ փոքր որդին: Որդու գնալուց հետո նա ամեն օր մի քանի անգամ աղոթում էր, որ որդին ետ գա տուն, իսկ այժմ նրա՝ սովորական դարձած աղոթքի բովանդակությունը փոխվել էր: Նա այժմ Աստծուց խնդրում էր, որ մեռնելուց առաջ տեսնի երեք որդիներին էլ ողջ ու առողջ: Նրա աղոթքը դադարեց, երբ տեսավ մեծ հարսին, որը վազելով գալիս էր դեպի ծերունին: Նրա աչքերից կարծես Եփրատն էր հոսում, հոսում ու չեր ավարտվում այն անարատ գետը, որը շատ ու շատ հարսների ու օրիորդների գերեզմանն էր դառնալու:
Հարսը երկար, սև մազեր ուներ: Նա իր ոսկրացած ձեռքերով պոկում էր մազերը: Շատ վտիտ էր: Երբ տասնվեց տարեկան էր, Խաչիկն իր մեծ որդու հետ գնաց նրանց տուն՝ նրա ձեռքը խնդրելու: Այն ժամանակ նա կարմիր այտերով, թմբլիկ մի աղջիկ էր, բայց տան հոգսը այնքան շատ էր, որ նա հյուծվեց ու նիհարեց: Իր օրիորդական ժամանակներից հուշ էին մնացել միայն փարթամ մազերը, սակայն նա շատ երջանիկ էր` սիրում էր ամուսնուն ու իր ընտանիքը: Նա շատ ամոթխած էր, իսկ այժմ մոռացել էր իր ամոթխածությունը, իր հեզությունն ու կանգնած էր սկեսրոջ առաջ, ծնկի էր եկել ու լաց էր լինում:
Ծերունին անդադար հարցնում էր, թե ի՞նչ է պատահել, իսկ հարսը հեծկլտում էր և աղի արցունք թափում: Ծերունին շատ համառեց ու ստացավ պատասխանը, հարսն ասաց.
-Թուքերն…ամուսնուս…տարան…մահացավ…մեզ էլ կսպանեն...:
Ծերունին հանգստացրեց հարսին և ստիպեց, որ գնա տուն: Հարսը գլուխը կախեց ու չքացավ: Ծերունին պարզ հասկանում էր իրողությունը ու այն, թե ինչ է սպասվում իրենց ապագայում: Աշխարհը փուլ եկավ նրա գլխին, նրա աչքերը լցվեցին արցունքով: Ծերունին իր ողջ կյանքում միշտ լավ էր վերաբերվել թուրքերին, միշտ նրանց սրտի ուզածն էր արել, միայն թե ընտանիքին ձեռք չտային, խնջույքներ էր պատրաստել, մեծ հարկեր էր տվել ու այս ամենն արել էր հենց այս օրվա համար, բայց նա գիտեր, որ թուրքերը գազանացել են, ու նրանք ոչ մի ծանոթ ու բարեկամ հաշվի չէին առնելու: Ծերունին խենթանում էր այն հանգամանքից, որ նա այլևս չի տեսնելու իր զավակներին, իր խաչքարերին, իր տունն ու գյուղը:
Խաչքարերը, որոնք կանգնած էին մի փոքր հեռու, սկսեցին իրար մեջ փսփսալ: Մեկն էլ ասաց.
-Սա ի՞նչ է: մենք մեր ծնված օրից մեր արարողի աչքի արցունքները չենք տեսել, իսկ հիմա նա լալիս է:
Մյուսն ասաց.
-Այդ ի՞նչ ցավալի լուր բերեց հարսը, ի՞նչ է պատահել:
-Երևի անկարողությունից է լալիս,- ասաց մյուսը:
-Այո՛, բայց նա միշտ էլ ելք գտնում է և չի հուսալքվում: Նա միշտ էլ ճիշտ ուղի է գտնում:
Նրանցից ամենափոքրը, որը դեռ անավարտ էր, փնթփնթում էր ու ասում.
-Իսկ ե՞ս, ես մնացի կիսատ, իսկ ինձ երբ պետք է ավարտի, ախր ես ել եմ ուզում կանգնել ձեր կողքին ու հպարտանալ իմ տեսքով:
Բոլորը ծիծաղեցին փոքրիկի դժգոհությունների վրա, իսկ նրանցից ամենահին խաչքարն ու գեղեցիկը, որն արարվել էր Խաչիկի հոր ձեռքով, նրանց վրա զայրանալով ասաց.
-Լռի՛ր, փոքրի՛կ, քեզ էլ կավարտի, մի՞ թե դուք բոլորդ չեք տեսնում նրան: Նա այժմ հուսահատ է, երևի էլի թուրքերն են մի բան արել:
Մյուսն ասաց.
-Դե, եկե՛ք մի քիչ էլ սպասենք և ամեն ինչ կտեսնենք, դժբախտությունը նոր է գալիս:
Ծերունին, մոտենալով խաչքարերին, հատ-հատ շոյեց նրանց, ապա գալով փոքրիկի մոտ՝ ասաց.
-Է՜հ, սիրելի՛ս, կներես ինձ, միգուցե ես ողջ չմնամ ու քեզ չկարողանամ ավարտին հասցնել, իսկ միգուցե և ողջ մնամ և այդ ժամանակ խոսք եմ տալիս քեզ բոլորից գեղեցիկը կդարձնեմ՝ նոր նախշերով, ու դու կփայլես իմ բակում: Ի՛մ սիրելի խաչքարեր, ձեզ խնդրում եմ, ինչ էլ որ լինի միշտ կանգուն մնացեք, միգուցե մի վատ բան լինի, դեռ չգիտեմ, բայց դուք պարտավոր եք ողջ մնալ, ողջ մնաք, որ հետևորդներիս պատմեք այն ամենն, ինչ տեսել եք, որ խոշոր նմուշ լինեք հայ քանդակագործության համար, որ աշխարհն իմանա, որ Արևմտյան Հայաստանում ապրել են հայեր ու ունեցել են իրենց մշակույթը:
Հանկարծ հեռվից լսելի եղավ ձիերի դոփյուն: Իհարկե՛, քարերն ամենից շուտ զգացին դղրդոցը, նրանց համար այժմ ամեն ինչ պարզ էր, նրանք վախեցան և իրաի ավելի մոտեցան: Լսվեցին վայրենի աղաղակներ, կանանց ու երեխաների օգնության ճիչեր, մարդիկ հանկարծակիի էին եկել ու տարակուսած այս ու այն կողմ էին փախչում, օգնություն էին սպասում՝ պարզ գիտակցելով, որ այդ օգնությունը այդպես էլ չի լինի: Տներից մեկը սկսեց այրվել, հետևից այրվեցին գյուղի մնացած տները: Լացի ու աղաղակի մեջ լսվում էին տհաճ հռհռոցներ: Ծերունին, թողնելով խաչքարերը, վազեց դեպի տուն, սակայն արդեն ուշ էր. հատակը ներկվել էր կարմիր արյամբ, իսկ անշնչացած դիակները ընկած էին այս ու այն կողմ: Այս ամենը կատարվեց կայծակնային արագությամբ: Նա դուրս վազեց դեպի խաչքարերը՝ փորձելով գոնե նրանց կյանքը փրկել: Խաչքարերը վախեցած իրաի էին նայում՝ հուսալով, որ արարողը կփրկի իրենց, բայց…Լսվեց առաջին շխկոցը, նրան հաջորդեցին ևս մի քանիսը, որոնք չդիմանալով թուրքերի յաթաղանին՝ մահացան: Ամեն հարվածին հաջորդում էր ծերունու ողբն ու աղաղակը, աղերսանքը.
-Մի՛ արեք, Աստված սիրե՛ք, ինձ սպանե՛ք, նրանց ձեռք մի՛ տվեք:
-Համբերի՛ր, ծերո՛ւկ, քեզ էլ հերթ կհասնի,- ասաց նրանց մեծը:
-Ա՜խ,- խորը հառաչանք քաշելով ասաց ծերուկը,- մի՞ թե չեք հիշում այն հացը, որ կերել եք իմ տանը, ինչ ցանկացել եք արել եմ, գոնե խղճացե՛ք, քարերն ի՞նչ են ձեզ արել, մի՛ փշրեք:
-Սրան տեսե՛ք: Փոխանակ իր կյանքը փրկի, իրեն զոհում է իր խաչքարերի, իր մշակույթի համար,- ասաց թուրքերից մեկը:
Նրանք յուրաքանչյուր հարվածից մի յուրովի հաճույք էին ստանում: Կանգուն մնաց միայն ամենամեծ խաչքարը: Թուրքերը ինչքան էլ փորձեցին կոտրել այն, չստացվեց. այն միայն ճաքեր էր ստանում: Ծերունին ուրախացավ և գոչեց.
-Այդպե՛ս, նրանց տեղն է, ապրե՛ս, սիրելի՛ս, ես գիտեի, գիտեի, որ ինձ հուսախափ չես անի, չզիջե՛ս դիրքերդ, դիմացի՛ր, դու ուժեղ ես:
Այս խոսքերը լսելով՝ թուրքերը ավելի կատաղեցին, ու ծերունին գլխին ցնցող հարված ստացավ: Բեկված խաչքարերը համտեսեցին իրենց արարողի տաք արյունը: Այդպես բոլորը ջախջախվեցին ու կիսվեցին մեջտեղից:
Ամբողջ գյուղում կանգուն էր մնացել միայն մեծ խաչքարը: Թուրք զինվորները ջանում էին ջախջախել վերջին խաչքարը, բայց թուրք իշխանն ասաց.
-Լա՛վ, այս մեկն էլ թող մնա Խաչիկին գերեզմանաքար, սա էլ հանուն նրա հացի: Թողե՛ք, այժմ անցնենք մյուս գյուղին:
Նրանք գնացին՝ իրենց հետևից թողնելով դիակների մոխրակույտեր, մթնած երկինք, արյունոտ գետին, պղտոր գետ, այրվող արտեր ու անտառներ, ծխացող գյուղ: Թուրքերը հեռացան՝ իրենց արածից շատ գոհ:
Տարիներն անցնում էին, իսկ խաչքարերն այդպես էլ բեկված էին մնում: Նրանք հույս չունեին, որ կլսեն իրենց հայրենակիցների ծիծաղն ու խոսքը, որ իրենց կհարգեն ու կսիրեն: Ամեն առավոտ բեկված խաչքարերը կանգուն խաչքարին հարցնում էին.
-Մարդկանց չե՞ս տեսնում…
Իսկ նա պատասխանում էր.
-Ո՛չ, ինձ թվում է՝ մենք մինչև վերջ այստեղ ենք մնալու, այսպես մենակ ու անտեր:
-Ո՛չ, ո՛չ, հաստատ կգան,- ասում էր փոքրիկը՝ անավարտը:
Այժմ նրանց նույնիսկ հողն ու բույսը չէին հարգում: Տարիների ընթացքում ճաքերի միջով նրանց մեջ էին մտել զանազան բույսեր, նոր կյանք էին սկսել՝ առանց նրանց կարծիքը հարցնելու` արհամարելով: Նրանց աչքերում բոլորն էլ չարացել, թուրքացել ու թշնամացել էին, նույնիսկ այն նույն արևը, որ ժամանակին տաքացնում էր իր նուրբ շողերով:
Մի օր հեռվից երևացին ինչ-որ մարդկանց ուրվագծեր: Նրանք նկարում էին այն ամենն, ինչ հարազատ էր իրենց, այն ամենն, ինչը վառ ապացույց էր ցեղասպանության, պարզ ապացույց՝ թուրքերի գազան լինելու մասին, թե ինչպես էին անգթորեն սպանել փոքրիկ երեխաներին, նրանց մայրերին, ստորացրել օրիորդներին, ավերել ամբողջ գյուղը: Բայց նրանք ապշեցին, երբ տեսան կանգուն մի շինություն. դա մի մեծ խաչքար էր, որի աչքերում արտացոլված էր այն ամբողջ չարն ու վատը, որ նա տեսել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: նա այժմ մոռացել էր, թե ի՞նչ է ուրախությունը, ժպիտը, ովքե՞ր են բարի մարդիկ:
Մարդիկ մոտեցան բեկված խաչքարերին: Նրանք խոսում էին շատ ծանոթ, բայց մոռացված լեզվով՝ հայերենով: Մեկը լացելով մոտեցավ բեկված խաչքարերին, հետո վազեց դեպի փլատակները, ծնկի իջավ ու մրմնջաց.
-Օ՜, հա՛յր իմ, մեծ է արվեստը քո, ես երդվում եմ, քարերը անտեր չեն մնա: Ների՛ր ինձ, որ չփրկեցի քեզ:
Քարերը ճանաչեցին զբոսաշրջիկին` չնայած որ շատ էր մեծացել ու փոխվել: Իրենց արարողի փոքր որդին էր, որն այժմ կխնամեր հոր քարերը, քանի որ նա էլ շարունակում էր հոր գործը: Քարերը ուրախությունից սկսեցին արտասվել. այսքան տարի փայփայած երազանքը իրականություն դարձավ: տղան դժվարությամբ բաժանվեց բեկված խաչքարերից ու գանց: Մի քանի օր հետո վերադարձավ ու քարերը տեղափոխեց Արևելյան Հայաստան: Նրանք դարձան բարձրարժեք նմուշներ` ապացույց Արևմտյան Հայաստանում զարգացած հայկական մշակույթի մասին:
Այժմ քարերը փառքով ու պատվով կանգնած են թանգարանում, իսկ նրանցից վերև կանգնած է մեծ խաչքարը. նա այժմ խաչքարերի հերոսն է, սակայն նրանք երբեք չեն մոռանա իրենց արարողի արյան տաքությունն ու համը: Մինչև հիմա էլ նրանք հույս ունեն, որ կգա ժամանակն ու նրանք առաջվա պես իրենց տեղում՝ Խաչիկի բակում, կկանգնեն: Իսկ Խաչիկը երկնքից նայում ու ուրախանում է, որ իր նպատակին հասավ ու փառք է տալիս Աստծուն, որ որդին այն ժամանակ ետ չէր եկել:
Սա պատմելով` ծերունու աչքերը լցվեցին արցունքով: Արդեն գիշեր էր, երբ ծերունին վերջացրեց իր հեքիաթը: Շատ ուշ էր, բայց բոլորը լուռ լսում էին նրան: Այդ ծերունին Արտակն էր, որ շարունակելով հոր գործը, այժմ հայտնի քանդակագործ էր դարձել: Այս պատմությունը նրա բերանից առաջին անգամ էին լսում որդիներն ու թոռները: Մեկ էլ թոռներից մեկը ոտքի կանգնեց ու ասաց.
-Ես, երբ մեծանամ, կգնամ ու կկոտորեմ այդ թուրքերին ու ետ կբերեմ մեր հողերը:
Պապըշն, ընդհատելով նրան, ասաց.
-Ո՛չ, փոքրի՛կս, այդ ժամանակ դու էլ կնմնավես այդ բարբարոսներին: Պետք է նրանցից մեր ունեցածը ետ վերցնենք հաշտ պայմաններում` ապացույցներով:
Ասում են, որ Խաչիկի տոհմը շարունակվեց ու մինչև հիմա էլ գոյություն ունի ու նրանցից շատերը հայտնի քանդակագործներ են:
Իսկ այժմ, սիրելի՛ փոքրիկներ, եկե՛ք հարգենք ու սիրենք այն ամենն, ինչ մերն է, քանի որ եթե մենք չհարգենք, երբեք ոչ մի ազգ մեզ չի հարգի:



 

Comments: