fbyoutube

Ինչպես ե՞ն հայ կանայք կերակրում նորածիններին. հետազոտություն եւ խորհուրդներ

Կրծքով կերակրումը լայն տարածում ունի Հայաստանում: Այդ մասին նշված է Հայաստանի Ժողովրդագրության եւ Առողջության հարցերի հետազոտությունում, հրապարակված ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: հարցման են ենթարկվել 15-49 տարեկան 5922 կանայք:
Ընդհանուր առմամբ,  հարցմանը նախորդող երկու տարիների ընթացքում ծնված բոլոր երեխաների 97 տոկոսը կերակրվել է կրծքի կաթով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մինչեւ մանկան 6  ամսական դառնալը կերակրել բացառապես կրծքի կաթով: Սակայն մինչեւ վեց ամսական հասակը բացառապես կրծքով կերակրման խորհրդին հետեւել են մայրերի միայն մեկ երրորդը (35 տոկոս): Բացառապես կրծքով կերակրումը ենթադրում է, որ երեխաներին չպետք է տրվի ջուր, հյութ
Հայաստանի մանուկների 54 տոկոսին մինչեւ վեց ամսական հասակը կրծքի կաթին զուգահեռ տրվել է նաեւ այլ հեղուկ կամ սնունդ, իսկ 11 տոկոսն ընդհանրապես կրծքով չի կերակրվել:
Երեխայի նորմալ աճի և զարգացման համար 6 ամսականից հետո կրծքի կաթին զուգահեռ երեխայի սննդակարգում անհրաժեշտ է ավելացնել նաեւ կիսակոշտ կամ կոշտ (հավելյալ) սնունդ:
6-23  ամսական երեխաները կրծքի կաթին զուգահեռ պետք է կերակրվեն օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ`  սննդի 4 եւ ավելի հիմնական խմբերից պատրաստված կերակուրներով: Երեխաների միայն մեկ երրորդն է կերակրվել համապատասխան նշված չափորոշիչների: Խորհուրդ է տրվում նաև, որ ի հավելումն նշված 4 եւ ավելի սննդախմբերի, կրծքով չկերակրվող երեխաներին տրվի կաթ կամ կաթնամթերք`  անհրաժեշտ հաճախականությամբ: Այդուհանդերձ, երեխաների միայն 30 տոկոսն է սնուցվել համապատասխան խորհուրդ տրվող երեք չափորոշիչների:
Վիտամին A-ն կանխարգելում է կուրությունը եւ վարակներն ու հատկապես կարևոր է երեխաների եւ ծննդկան կանանց համար: Հարցմանը նախորդող 24 ժամվա ընթացքում, 6-23 ամսական երեխաների 75 տոկոսը կերել է վիտամին A-ով հարուստ միրգ եւ բանջարեղեն: Երեխաների երկու երրորդը հարցմանը նախորդող օրվա ընթացքում ընդունել է երկաթ պարունակող սնունդ, սակայն երեխաների միայն 7 տոկոսին է տրվել երկաթ պարունակող հավելումներ: Հարցմանը նախորդող վեց ամսվա ընթացքում երեխաների միայն 6 տոկոսին է տրվել հակաճիճվային դեղորայք:
Հղի կանանց 90 օր շարունակ անհրաժեշտ է ընդունել երկաթ պարունակող հաբեր կամ օշարակ, ինչը կանխարգելում է սակավարյունությունը եւ զերծ պահում մի շարք բարդություններից: Վերջին հղիության ընթացքում կանանց միայն 2 տոկոսն է առնվազն 90 օր անընդմեջ ընդունել երկաթ պարունակող հաբեր կամ օշարակ, իսկ 1 տոկոսից պակասը` ընդունել է հակաճիճվային դեղորայք:

Comments: