fbyoutube

Ինչպես պլանավորել ապագա երեխայի սեռը (մաս 1-ին)

Բոլոր ժամանակներում ամուսիններին հուզող հարցերից է եղել և կա ապագա երեխայի սեռի պլանավորումը: Մեր օրերում հատկապես ծնողները շատ են ցանկանում տարբեր սեռերի երեխաներ ունենալ, այդ իսկ պատճառով երկրորդ երեխային բեղմնավորելուց առաջ մանրակրկիտ պլանավորում են սեռը:
Երեխայի սեռը պլանավորելու ի՞նչ մեթոդներ կան
Ժամանակակից բժշկության տվյալներով երեխայի սեռը պլանավորել հնարավոր չէ:  Նման հնարավորություն տալիս է արտամարմնային բեղմնավորումը:
Ծնողներին օգնության է գալիս ժողովրդական բժշկությունը, որը երեխայի սեռը պլանավորելու բազմաթիվ մեթոդներ է առաջարկում:  Դրանցից մի քանիսն անգամ գիտականորեն հիմնավորված են:
Այսպես, եթե ուզում եք, որ տղա ունենաք, կարելի է երեխային բեղմնավորել շոգեբաղնիքում:  Բարձր ջերմաստիճանը վատ է ազդում սպերմատոզոիդների շարժունակության վրա: Այս պարագայում ավելի արագ են Y քրոմոսոմները, քանի որ ավելի թեթև են, ուստի նաև ավելի շարժուն:
Օվուլացիայի օրվա հաշվարկով
Եթե ուզում եք աղջիկ ունենալ, ապա պետք է հաշվի առնել, որ X քրոմոսոմներն ավելի քիչ շարժունակ են, բայց ավելի կենսունակ: Ուստի սեռական ակտը պետք է պլանավորել օվուլացիայից մի քանի օր առաջ: Այս պարագայում ավելի կենսունակ X քրոմոսոմները կապրեն մինչև օվուլացիան և կբեղմնավորեն դուրս եկած ձվաբջիջը:
(Օրինակ, 28 օրյա դաշտանային ցիկլի պարագայում սեռական հարաբերություն պետք է ունենալ դաշտանից 14-15 օր առաջ աղջիկ ունենալու և 11-12 օր առաջ տղա ունենալու համար:)
Բայց այս մեթոդը ճշգրիտ չէ, քանի որ օվուլացիայի օրը ինչ-ինչ գործոններով պայմանավորված կարող է փոփոխվել:
Արյան թարմացում
Այս պարագայում երեխայի սեռը պլանավորում են` հաշվի առնելով ծնողների արյան ցիկլիկ թարմացումը: Կանանց արյունը թարմանում է երեք տարին մեկ, իսկ տղամարդկանցը` չորս տարին մեկ:
Ենթադրվում է, որ ծնողներից որի արյունը բեղմնավորման պահին թարմ լինի, այդ սեռի երեխա էլ կծնվի:
Երեխայի սեռը որոշելու համար բեղմնավորման պահի դրությամբ կնոջ տարիքը բաժանվում է 3-ի, իսկ տղամարդունը 4-ի: Ում մնացորդային թիվն ավելի մեծ լինի, այդ սեռի երեխա էլ կծնվի: Եթե մոր արյան ռեզուսը բացասական է, ապա հակառակը:  Եթե կյանքի ընթացքում անձը արյան կորուստ է ունեցել, օրինակ` վիրահատություն, ծննդաբերություն, վիժում, հղիության ընդհատում, դոնորական արյան հանձնում, արյան փոխներարկում, ապա պետք է հաշվարկել ոչ թե ծննդյան պահից, այլ այդ տարեթվից:
Պետք է նշել, որ այս մեթոդը որևէ գիտական հիմնավորում չունի:

Comments: