fbyoutube

Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...

 

Հղիության 1-ին շաբաթ: Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է ձեր ընդհանուր վիճակը, կենսակերպը կրկին վերանայելու առիթ դառնա: Դեռևս մի քանի ամիս առաջ, մինչև հղիանալը հրաժարվեք վտանգավոր սովորություններից ծխելուց, ալկոհոլային խմիչքներ և դեղորայք օգտագործելուց, վտանգավոր և նյարդային աշխատանք կատարելուց: Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկն ունի որևէ հիվանդություն, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի պարզեք հիվանդ երեխա ունենալու վտանգի հավանականությունը: Հղիության համար անհրաժեշտ է, որ ձվարանները նորմալ գործեն և բնականոն ձվազատում տեղի ունենա: Հիշեք, որ այդ ժամանակ մարմնի ջերմությունը մի քիչ կբարձրանա: Եթե բեղմնավորումը տեղի է ունեցել և պտղաձուն ենթարկվել է առաջին կիսման պրոցեսին, այսինքն՝ սկսվել է սաղմի զարգացումը, կնոջ օրգանիզմում միակ նշանը ուղիղ աղիքի 370-ից բարձր ջերմության պահպանումն է:

Առողջ սնունդ

Քանի որ բոլոր սննդանյութերը պտուղը ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե մինչև հղիությունը ընդունել եք հաշվեկշռված սնունդ, մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով և կազմի 2500 կալորիա: Հղիության ժամանակ օրգանիզմի սպիտակուցային պահանջը կրկնակի ավելանում է: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, որն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորման համար, նա կսկսի դա վերցնել մոր պաշարից, որի սպառման դեպքում մոր ոսկորները կդառնան ավելի փխրուն: Պտղի արյան ծավալը և բաղադրությունը պայմանավորված են մոր սննդի օրաբաժնում երկաթի քանակությամբ: Երկաթի և վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել հղի կնոջ սակավարյունության առաջացման:

Ֆոլաթթուն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը, ուստի մինչև հղիությունը և առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել սննդի օրաբաժնում: Այդ վիտամինով հարուստ են կանաչեղենը (մառուլ, սպանախ, սիբեխ), կաղամբը, ծաղկակաղամբը, կանաչ լոբին: Նշենք, որ վիտամինները կարևոր դեր են խաղում նորմալ նյութափոխանակության ապահովման համար: Պետք է օգտագործել միայն յոդացված աղ, քանի որ յոդի անբավարարությունը կարող է առաջացնել պտղի նյարդային համակարգի, մտավոր և ֆիզիկական թերզարգացում (կրետինիզմ, գաճաճություն), խուլ-համրություն և բնածին այլ արատներ:

Անհրաժեշտ է խուսափել ճարպոտ սննդամթերքից և քաղցրավենիքից, որքան հնարավոր է շատ օգտագործել մրգեր և բանջարեղեն, քանի որ հղիության ընթացքում շրջանառող արյան ծավալը պետք է ավելանա 50%-ով, հետևաբար անհրաժեշտ է խմել օրական 1,5 լ հեղուկ:

Հղիության 2-րդ շաբաթ

Երբեմն կինը կասկածում է, որ հղի է. խիստ ավելանում է պրոգեստերոնի քանակը և սկսում է արտադրվել խորիոնային հորմոն, որոնք ապահովում են հղիության նորմալ ընթացքը: Այս հորմոնները առաջին շաբաթվա ընթացքում նպաստում են հղիության հավաստի նշանների առաջացմանը:

Հավաստի նշաններից կարևոր է դաշտանի բացակայությունը, ինչպես նաև լեցուն և զգայուն կուրծքը: Խորիոնային հորմոնը երբեմն ազդում է միզուղիների վրա և առաջացնում հաճախակի միզարձակման ցանկություն: Կինը դառնում է քնկոտ և շուտ է հոգնում: Դրանց պատճառը արյան մեջ պրոգեստերոնի բարձր մակարդակն է: Ուժեղանում են նյութափոխանակությունը և կենսական կարևոր օրգանների ծանրաբեռնվածությունը, ուստի շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ ոչ ակտիվ, սակայն հանգստացնող, թարմացնող ժամանցի կազմակերպումը:

Սաղմը 1-2-րդ շաբաթում

Բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է 2,ապա 4 մասի, այնուհետև շարունակելով անհավասարաչափ բաժանվել, այն տեղափոխվում է ֆալոպյան փողով դեպի արգանդի խոռոչ: Արգանդի խոռոչ ընկնելու պահին սաղմը, որն այդ շրջանում նման է թթենու հատիկի և կոչվում է մորուլա (լատիներեն` թթենու պտուղ) իրենից ներկայացնում է բջիջների կույտ, որտեղ մոտավորապես 32 բջիջ կա:

Հղիության 3-րդ շաբաթ

Բեղմնավորումից 5-6 oր անց սաղմը` մորուլան, ամուր կպչում է արգանդի ներքին պատին` էնդոմետրիումին: Բջիջների քանակը մորուլայում շարունակում է աճել` մինչև սաղմնային բշտիկի գոյացումը: Վերջինս արտադրում է հատուկ հորմոններ, որոնք նպաստում են կնոջ օրգանիզմի վերակառուցմանը (դաշտանի ուշացում, ինչ-որ կասկածելի նշաններ` սրտխառնոց, փսխում, քնկոտություն և այլն):

Սաղմը 3-րդ շաբաթում

Հղիության առաջին շաբաթներում սաղմն արագ է զարգանումԲոլոր բջիջները գործում են կազմակերպված: Դրանց որոշ մասը կդառնա էմբրիոն, իսկ մյուսները կաշխատեն նրա կենսագործունեությունը ապահովելու համար:

Սաղմի զարգացման մյուս փուլը բլաստոցիստի առաջացումն է: Արգանդի խոռոչի վերին մասում արդեն 10-րդ օրը բշտիկի մակերեսի վրա առաջանում են հատուկ թավիկներ (խորիոնային ելուստներ) և խրվում էնդոմետրիումի մեջ, որոնց շնորհիվ արյան միջոցով էմբրիոնը մորից ստանում է սննդանյութեր և արտաթորում վերամշակման արգասիքները: Արգանդի լորձաթաղանթը աստիճանաբար աճում է, հաստանում: Սաղմի տակի հատվածը վերածվում է հատուկ ընկեցիկ (դեցիդուալ) թաղանթի, որը մասնակցում է պլացենտայի առաջացմանը: Դա այն կարևոր օրգանն է, որը սնում և պաշտպանում է պտղին ամբողջ հղիության ընթացքում:

Հղիության 4-րդ շաբաթ

Դուք դեռևս կասկածում եք, որ հղի եք: Սկզբնական շրջանում դա կարող է հաստատել միայն արյան հատուկ քննությունը: Ինչպես վերը նշեցինք, պտղաձուն արտադրում է հատուկ նյութ` խորիոնային հորմոն` խորիոնային գոնադոտրոպին (ԽԳ): Այն թափանցում է արյան մեջ, որը հայտնաբերելու համար կարելի է օգտվել նաև մեզի մեջ ԽԳ-ի հայտնաբերման հասարակ թեստից, սակայն դա այնքան էլ վստահելի չէ, քանի որ հղիության ժամկետը փոքր է: Քանի դեռ դուք կասկածում եք և սպասում եք հերթական դաշտանին, ձեզ մոտ կհայտնվեն նախադաշտանային վիճակ հիշեցնող երևույթներ` սրտխառնոց, կրծքերի ուռչեցում, դիսկոմֆորտ՝ անհարմարավետության զգացում:

Այս շրջանում սաղմի մեջ սկսում են առաջանալ սաղմնային 3 թերթիկները, որոնք հիմք կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների առաջացման համար: Մեզոդերմայից (միջին թերթիկ) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, արյունատար անոթները և սիրտը, մյուս թերթիկից` էկտոդերմայից (արտաքին թերթիկ) ձևավորվում են մաշկը, մազերը, աչքի ոսպնյակը, ատամների էմալը և նյարդային համակարգը: Այնուհետև զարգանում է էմբրիոնի գլխիկը, որը սկզբում նուրբ է` ինչպես ջրի կամ արցունքի կաթիլ:

Երրորդ թաղանթից` տրոֆոբլաստից, զարգանում են պտղաթաղանթները:

Սաղմը 4-րդ շաբաթում.

քաշը՝ 1-1,5 գրամ է,

երկարությունը՝ 8-10 մմ

Հղիության 5-րդ շաբաթ

Դուք դեռ կասկածում եք՝ հղի եք, թե ոչ: Դաշտանը գրեթե 3 շաբաթով ուշացել է, սակայն դրա բացակայությունը (ամենոռեան) կարող է ունենալ նաև այլ պատճառներ, ուստի հետևյալ արագ թեստի միջոցով որոշեք հղիության առկայությունը. չափեք ուղիղ աղիքի ջերմությունը առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո, որը հղիության դեպքում անպայման պետք է 370-ից բարձր լինի: Հղիությունը նորմայում տևում է 9 օրացուցային կամ 10 մանկաբարձական ամիս, կամ 40 շաբաթ:

Հղիության ընթացքը սովորաբար բաժանվում է 3 շրջանի` եռամսյակների (տրիմեստրներ):

Առաջին եռամսյակը տևում է մինչև հղիության 13-րդ շաբաթը: Այս շրջանում սաղմը շատ զգայուն է, և առավել մեծ է վիժման վտանգը: Երկրորդ եռամսյակը 14-27, երրորդը` 28-41 շաբաթն է:

Սաղմը 5-րդ շաբաթում.

քաշը 3-4 գրամ է,

երկարությունը՝ 12-15 մմ

Բջիջների կիսման ընթացքում արդեն որոշակիորեն նկատվում են, թե որտեղ կլինեն պտղի ոտքերը, ձեռքերը, գլուխը, մեջքը և փորիկը, ողնային լարը և նրա շուրջը, այսպես կոչված, նյարդային խողովակը: Սա ողնաշարի և ողնուղեղի նախահիմքն է: Վերևում լայնանալով` նյարդային խողովակները հետագայում դառնում են գլխուղեղային առաջին մասը: Էմբրիոնի կենտրոնում ձևավորվում է հյուսվածքների մի կծիկ, որից գոյանում է սիրտը: Աստիճանաբար սկսում են զարգանալ արյունատար անոթները:

Հղիության 6-րդ շաբաթ

Կանանց մի մասի հղիության առաջին շաբաթներում կարող են լինել թուլություն, սրտխառնոց, փսխում, դիսկոմֆորտ` անհարմարավետություն, դյուրագրգռություն կամ քնկոտություն, առանց որևէ պատճառի արագ հոգնածություն: Կրծքագեղձերը ուռչում են ու դառնում ցավոտԴա պայմանավորված է պրոգեստերոնի բարձր խտությամբ: Նշենք, որ կանանց մեծ մասն առաջին շաբաթներից սկսած հղիությունը հեշտ է տանում: Հղիության վաղ շրջանում պետք է ավելի շատ հանգստանալ. խուսափել այն գործոններից և հոտերից` օծանելիքի, ծխախոտի, խոհանոցի, որոնք կարող են սրտխառնոցի և փսխման պատճառ դառնալ: Ծննդաբերության ենթադրյալ ժամկետը կարելի է որոշել բերված աղյուսակի օգնությամբ: Առաջին ուղղագիծ դեղին սյունակը վերջին դաշտանի օրն է, երկրորդը` կապույտը, ծննդաբերության ենթադրյալ օրը:

Սաղմը հղիության 6-րդ շաբաթում.

քաշը 5-6 գրամ է,

երկարությունը` 20-25 մմ

Սաղմի նյարդային խողովակն արդեն ծածկված է լինում հյուսվածքով և սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքի երկու կողմերում ի հայտ են գալիս երկու փոքրիկ բաժականման գոյացություններ` յուրաքանչյուրում փոքրիկ պիգմենտային սկավառակ: Դրանք տեսողական բշտիկներ են, որոնք վերածվելու են աչքերի: Այս փուլում պտղի սիրտը իրենից ներկայացնում է փոքր խողովակ, բայց նա արդեն սկսում է բաբախել, կան նաև փոքրիկ բողբոջներ, որոնցից ձևավորվում են ձեռքերը և ոտքերը:

Սովորաբար հղիությունը տևում է 266 օր` բեղմնավորման օրվանից սկսած և 280 օր` վերջին դաշտանի առաջին օրվանից հաշվված: Աղյուսակի առաջին սյունակում դաշտանի ամսաթվերն են, երկրորդ սյունակում` ծննդաբերության հավանական օրը:

Կանոնավոր դաշտանի պարբերաշրջանը մոտավորապես 28 օր է:

Հղիության 7-րդ շաբաթ

Պտղաձուն ամուր կպած է արգանդի պատին: Արգանդը սովորաբար թուլացած է, նրա վզիկում գտնվող լորձը դառնում է խիտ, ձևավորվում է լորձային խցան, որը պատնեշի դեր է խաղում արգանդի և արտաքին միջավայրի միջև, խոչընդոտելով միկրոօրգանիզմների թափանցումը հեշտոցից վերին հատվածներ: Լորձային խցանը մնում է հղիության ամբողջ ընթացքում և դուրս է մղվում ծննդաբերությունից անմիջապես առաջ:

Սաղմը հղիության 7-րդ շաբաթում.

քաշը 7-8 գրամ է,

երկարությունը` 30-35 մմ

Այս շաբաթում սաղմի մարմնում տեղի են ունենում նոր փոփոխություններ, հատկապես վերջույթներում և դեմքի վրա: Սկսում է ձևավորվել ստամոքսաաղիքային համակարգը, արդեն կազմավորվում է ուղիղ աղիքը: Ձևավորվում են նաև թոքերը: Ի հայտ են գալիս դեմքի, աչքերի, բերանի, քթի ձևավորման տեղերը: Կարելի է նույնիսկ տարբերել քթանցքները:

Հղիության 8-րդ շաբաթ

Արգանդը սկսում է մեծանալ, բայց դա դեռևս աննկատ է և ձեզ, և շրջապատի համար: Դա կարող է որոշվել ներքին զննման կամ այլ հետազոտությունների միջոցով:

Սաղմը հղիության 8-րդ շաբաթում.

քաշը 10-12 գրամ է,

երկարությունը` 40 մմ:

Ձևավորվում են մատները, ձեռքերը ծալվում են արմունկում և դաստակում: Սկսում են ձևավորվել ականջախեցիները, դեմքի վրա` վերին շրթունքը և քիթը: Աղիքները լինում են երկար, երբեմն դուրս են գալիս պորտի շրջանից, որը այսպես կոչված՝ ֆիզիոլոգիական ճողվածքն է:

Հղիության առաջին եռամսյակում հղի կանանց հիմնական գանգատներն են հոգնածությունը, սրտխառնոցը, երբեմն նաև փսխումը: Այդ իրավիճակն անվանվում է առավոտյան համախտանիշ, չնայած դա կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամի: Սրտխառնոց հաճախ նկատվում է, երբ կինը անբավարար է սնվում կամ ունի ստամոքսաաղիքային խանգարումներ: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բուժաշխատողի` ավելի մանրամասը և անհատական խորհրդատվություն ստանալու համար:

Comments: