fbyoutube

Ինչպես կազդուրվել կեսարյան հատումից հետո

 

Կեսարյան հատումից հետո ծննդկանի կազդուրվելն ու օրգանիզմի վերականգնումը մեծապես կախված է տարիքից, մարմնի կազմվածքից եւ նույնիսկ այն պայմաններից, որոնցում կատարվել է վիրահատությունը: Իսկ առհասարակ, այս ճանապարհով ծննդաբերած կանայք պետք է պատրաստ լինեն մի քիչ ավելի երկարատեւ անհանգստացնող ցավերին: Ցավի պատճառ են հանդիսանում վերքն ու արգանդի հետծննդյան կրճատումները: Կեսարյան հատումից հետո լուրջ անհանգստացնող պատճառ կարող է հանդիսանալ աղիներում եղած գազերը: Միառժամանակ պետք է զերծ մնալ գազեր առաջացնող մթերքներից եւ ըմպելիքներից, քանի որ դրանք ծննդկանի մոտ ուժեղ ցավեր կարող են առաջացնել: Կարող են նաեւ դժվարություններ լինել միզելու հետ կապված, քանի որ վիրահատության ժամանակ կատետր է օգտագործվել:

Կրծքով կերակրելն անհրաժեշտ է եւ ցանկալի: Պետք է հարմար տեղավորվել կրծքով կերակրելու համար, քանի որ կարերը կարող են անհանգստացնել: Կրծքով կերակրելը դժվար պրոցես չէ, եթե հետեւենք մի քանի կանոնների: Կուրծքը հենց առաջին անգամից պետք է տալ ճիշտ ձեւով` հետեւելով, որ երեխան իր բերանով վերցնի ոչ միայն պտուկի մասը, այլ նաեւ՝ մերձպտուկային ամբողջ հատվածը: Սա անհրաժեշտ է մի քանի պատճառով: Առաջին հերթին՝ այս դեպքում պտուկը չի վնասվի, եւ հետո էլ պտուկը ճիշտ բռնելը կօգնի երեխային, որպեսզի նա ավել օդի քանակ կուլ չտա: Արդեն տանը պետք է աշխատել հանգստանալ որքան հնարավոր է շատ` արագ վերականգնվելու համար: Շատ օգտակար է թեթեւ շնչառական գիմնաստիկան:

Սովորաբար ծննդկանի օրգանիզմը վերականգնվում է 4-6 շաբաթն ընկած ժամանակահատվածում: Մինչեւ ձեր կազդուրվելն ու վերջնականապես ապաքինվելը պետք չէ նյարդայնանալ: Անհրաժեշտ է շատ ժամանակ տրամադրել հանգստին, չի կարելի բարձրացնել այն, ինչը ծանր է ձեր երեխայից: Որեւէ կտրուկ շարժում անելիս (ծիծաղ, հազ եւ այլն) ձեռքով բռնեք կտրվածքի հատվածը եւ տեղից վեր կացեք սկզբից հենվելով: Այս ժամանակահատվածում պետք է սահմանափակել շփումները այցելուների եւ հյուրերի հետ, քանի որ ժամանակը կգնա այն հանգստից, որ անհրաժեշտ է ծննդկանին:

Պետք է շատ հեղուկ օգտագործել, որովհետեւ հեղուկն օգնում է կարգավորել օրգանիզմի ջրային բալանսը վիրահատությունից հետո: Կրծքով կերակրելու համար եւս անհրաժեշտ է հեղուկ օգտագործել:

Պետք է չմոռանալ ժամանակին դատարկել միզապարկը` միզուղիների տարբեր վարակներից զերծ մնալու համար: Որոշ ժամանակ պետք է խուսափել սեռական հարաբերություններից: Մասնագետների մեծ մասը խորհուրդ են տալիս մինչ սեռական հարաբերությունների վերականգնումը սպասել մոտավորապես 6 շաբաթ: Խորհուրդ չի տրվում ղեկին նստել, կարելի է բավարարվել ուղեւոր լինելով: Եթե կտրվածքի հատվածում նկատվում է կարմրություն կամ այտուցվածություն, ժամանակին պետք է դիմել բժշկի` խուսափելու համար բոլոր տեսակի բարդություններից:

Շատերի պատկերացմամբ՝ կեսարյան հատումից հետո անընդհատ պետք է պառկել, բայց ընդհակառակը` պետք չէ վախենալ շարժվելուց կամ քայլելուց: Ելնելով ինքնազգացողությունից` բժշկից կարելի է հետաքրքրվել եւ իմանալ հետծննդյան վարժությունների մասին: Նրանք, ում սպասվում է պլանային կեսարյան հատում, պետք է իմանան, որ անհրաժեշտության դեպքում հակաբիոտիկների գործածումը կրծքով կերակրելու պատճառով հակացուցված չէ, իհարկե, բժշկի նշանակմամբ: Այս դեպքում երեխային շուտ կրծքին մոտեցնելն ավելի կարեւոր է, քան բնական ճանապարհով ծնված երեխային, քանի որ տեղի է ունենում արգանդի նորմալ կրճատում:

Արգանդի վրայի կարերը խոչընդոտ չեն հանդիսանում հետագա հղիությունների համար, նույնիսկ` բնական ճանապարհով ծննդաբերելու դեպքում: Ամեն ինչ կորոշի բժիշկը` ելնելով սպիի վիճակից: Մեծանում է վարակների հանդեպ զգայունությունը ու նաեւ պետք է հնարավորինս հանգիստ վիճակում լինել: Դրական կողմերից, թերեւս, պետք է նշել միայն այն, որ հեշտոցը չի ձգվում, ներքին ու արտաքին պատռվածքներ չեն առաջանում: Թութքի սրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանում:

Ինչպես պետք է խնամել կեսարյան հատմամբ ծնված երեխաներին:

Շատերը համարում են, որ երեխայի համար տարբերություն չկա, թե ինչպես է նա լույս աշխարհ եկել` բնական ճանապարհո՞վ, թե՞ կեսարյան հատմամբ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Հոգեբանները գտնում են, որ երեխայի ծնվելու պահն ու ձեւը հետագայում մեծ ազդեցություն է ունենում մարդու կյանքի հետագա ընթացքի վրա, մասնավորապես անհատի ձեւավորման այնպիսի հատկություններ, ինչպիսիք են` նպատակին հասնելու համառությունը, ցավադիմացկունությունը, իրավիճակին հարմարվելու բնավորությունը, սպասելու կարողությունը, սեփական ուժերին հավատալը եւ այլն:

Հնում հավատում էին, որ երեխաները, որ խուսափել են ծննդաբերական ցավերից, մեծանում են անվախ, բնավորությամբ ավելի համառ են, նպատակասլաց եւ ուժեղ ոգու տեր: Կեսարյան հատմամբ ծնված երեխաները հավելյալ ուշադրության կարիք են զգում: Իսկ նրանց մասին պետք է հոգ տանել դեռեւս չծնված` բժշկից պետք է ճշտել, թե անզգայացման որ ձեւն է ավելի ճիշտ: Կա՞ արդյոք այլընտրանքային տարբերակ, որը համեմատաբար քիչ կազդի երեխայի վրա` էպիդուրալ կամ մեջքային անզգայացում: Այս ձեւի առավելությունն այն է, որ մոր գիտակցությունն անընդհատ տեղն է լինում, եւ հետո, այս տիպի անզգայացումից հետո կինը շուտ է ուշքի գալիս: Երեխան էլ այս դեպքում քիչ քանակությամբ դեղ է ստանում:

Բացի այս ամենը, հոգեբանական առումով այն օգտակար է թե՛ մորը, թե՛ երեխային: Նորից հոգեբանների կարծիքով, այն երեխաները, որ աշխարհ գալուց հետո չեն զգում մայրական ջերմություն, հիմնականում լարված հարաբերությունների մեջ են լինում ծնողների հետ: Հետագայում նրանք կարծես ուզում են իրենց ենթարկել «իրենց վատ դիմավորած աշխարհը»: Այս ճանապարհով ծնված երեխաներին պետք է մի քիչ ավելի երկար բարուրել, նրանց հետ չի կարելի միանգամից երկար զբոսնել, երկար է տեւում հարմարեցնող լոգանքը: Փոքրիկները իրենց համար մղձավանջային երազներ են տեսնում, այդ պատճառով շատ անհանգիստ են քնում: Նրանց ոչ մի դեպքում չի կարելի ստիպելով առանձին անկողնում քնեցնել: Այս երեխաներն ավելի շատ են մայրիկի հետ քնելու կարիք զգում: Հաճախ այս երեխաները անհրաժեշտ քաշի դժվար են հասնում, այդ պատճառով պետք է աշխատել հնարավորինս երկար կերակրել կրծքի կաթով: Ապացուցված է, որ նրանց իմունային համակարգի ամրացման համար կարեւոր նշանակություն ունի ֆիզիկական մարզանքը: Շատ հոգեբանական դժվարություններ կարելի է հաղթահարել: Երեխայի մոտ պետք է զարգացնել այն հատկանիշները, որոնք բացակայում են: Օրինակ` նրանք դժվար են հարմարվում ամեն ինչի նորին ու նոր մարդկանց: Այդ պատճառով կարելի է նրանց շուրջն անընդհատ փոփոխություններ կատարել` տարբեր սնունդ, տարբեր խաղահրապարակներ տանել, փոփոխել մանկական սենյակի կահույքը: Ուշադրություն դարձրեք, որ նրանք շատ զբաղվեն կոնստրուկտորային խաղերով: Այս երեխաներին շատ են օգնում դերերով խաղերը, քանի որ ինչ-որ դերերում փորձում են ինքնահաստատվել ու դրություններից ելքեր փնտրել: Եթե խաղի մեջ երեխան սովորի հստակ որոշումներ կայացնել, ուրեմն կյանքում էլ կհավատա իր ուժերին: Հաճախ գովեք երեխային, թե որքան խելացի է, բայց երբեք թույլ մի տվեք, որ երեխան սկսի դա շահարկել, այլապես ղեկավարելով ծնողին` երեխան կորցնում է իր հենարանը: Նա, ի դեմս ծնողի, պետք է տեսնի ամուր հենարան:

Որպես ամփոփում՝ պետք է հիշել, որ անհրաժեշտության դեպքում կեսարյան հատումը փրկություն է երեխայի ու մոր համար: Բայց ցուցումներ չլինելու դեպքում, միշտ հիշեք, որ գերադասելի է բնական ճանապարհով ծննդաբերությունը: Մի ստիպեք, որ ձեր փոքրիկը թանկ վճարի ձեր րոպեական թուլության համար:

Comments: