fbyoutube

Հայրապետ Հայրապետյան «Ցողիկն ու Շողիկը»

 


1

Կապույտ լիճը Սևանի
Կաթիլ-բալեք շատ ունի,
Բայց սիրունը ամենից,
Գեղեցիկը բոլորից
Երկուսն էին՝ Ցողիկը,
Եվ նրա քույր Շողիկը։
Երբ փչում էր մեղմ քամին
Եվ գուրգուրում ջրերին,
Ցողիկ, Շողիկ միասին,
Նստած ջրի երեսին,
Օրոր-շորոր անելով,
Հեզիկ–նազիկ սահելով,
Գնում էին դեպ առաջ՝
Ալիքներին ընդառաջ:
Հասնում էին ալիքին,
Նստում նրա պաղ մեջքին,
Ոլոր –մոլոր նրա հետ
Քաշվում էին դեպի ետ,
Դառնում փրփուր սպիտակ,
Առաջ գնում դեպի ափ,

 

Հասնում ժայռոտ ծովափին,
Դիպչում հսկա քարափին,
Ապա մեղմիկ սվվոցով
Դառնում կրկին դեպի ծով,
Օրոր-շորոր անելով,
Հեզիկ-նազիկ սահելով՝
Գնում էին դեպ առաջ,
Ալիքներին ընդառաջ։
Իսկ երբ փչում էր ուժգին
Փոթորիկը մոլեգին,
Կատղած լիճը հառաչում,
Կարծես հավար էր կանչում,
Հուզված ջուրը ալեկոծ
Բարձրացնում էր լաց ու կոծ։
Ցողիկ, Շողիկ միասին,
Հուզված ջրի երեսին
Ոլոր –մոլոր սողալով,
Ջրերի հետ լողալով,
Հասնում էին լճափին,
Ուժգին զարկվում քարափին,
Թռչում նորից դեպի լիճ,
Բարձրացնում կանչ ու ճիչ,
Անցնում էին դեպ առաջ՝
Ալիքներին ընդառաջ։

 

Այսպես դարեր շարունակ
Ափիցը լիճ, լճից՝ ափ,
Գնում էին ու գալիս,
Հոգնում, տխրում ու լալիս...
ժայռը, ժայռը դեմ առած՝
Սանձահարում էր նրանց...

2

Մի օր էլ տաք կեսօրին,
Երբ արևը ջրերին
Շոյում էր ու գուրգուրում,
Հողմը նրանց օրորում,
Մեկ Էլ Ցողիկը հանկարծ
Լեզու առավ ու ասաց.
— Վա՛յ, այս ի՞նչ է, օգնիր ինձ,
Կարծես պոկվում եմ լճից։
- Ես է`լ, ես էլ, սիրելիս,
Հեռանում ենք մեր լճից։—
Ցողիկ, Շողիկ միասին
Կատույտ լճից պոկվեցին,
Դարձան հստակ գոլորշի...
Էլ ոչ ոք չի ճանաչի
Շատ գնացին, թե մի քիչ,
Մեկ էլ նայեն, տեսնեն ի՛նչ.

 


Հազար –հազար կաթիլներ
Բարձրանում են դեպի վեր՝
Ու նրանց հետ իրենք էլ
Ճամփա ընկան դեպի վեր,
Հասան կապույտ կատարին`
Լայն ու արձակ եթերին,
Ու կանգ առան բոլորն էլ,
Իսկույն դարձան գորշ ամպեր։

3

Մեկ էլ փչեց գիժ քամին
Ու հալածեց ամպերին։
Ցողիկ, Շողիկ միասին,
Նստած ամպի պաղ ուսին,
Եկան, հասան մութեմութ
Մի մեծ աշխարհ անծանոթ։
Շատերի հետ միասին
Քույրերն ամպից պոկվեցին,
Կաթիլ դարձան ջինջ, պայծառ։
Ճամփա ընկան դեպի վար,
Դեպի գյուղը վազեցին,
Տանիքները ծեծեցին։

 

Անձրև թափվեց հորդ, վարար,
Ջրեց արտերը ծարավ։
Քույրիկներն էլ իջան ցած,
Տեսան ծաղիկ մի ծաղկած,
Իջան, վրան նստեցին,
Մինչ առավոտ մնացին։
Լուսաբացին մի թեթև
Զեփյուռ անցավ հևիհև,
Շարժեց ծաղիկն այն բացված,
Քույրերն ընկան ծաղկից ցած։
Մտան ուղիղ հողի մեջ,
Անցան շերտերը անվերջ։
Շատ գնացին, թե մի քիչ,
Մեկ էլ նայեն, տեսնեն ի՛նչ.
Մի մեծ այր է, մութ, խավար,
Միջին կաթիլ անհամար,
Հավաքվել են, դարձել ջուր,
Չեն իմանում՝ գնան ուր։
Մնացել են այն փոսում,
Տխուր են ու չեն խոսում։
Ցողիկ, Շողիկ միասին
Նստած ջրի երեսին,
Տրտում էին ու տխուր,
Ինչո՞ւ դարձան կրկին ջուր։
Շատ մնացին, թե մի քիչ,
Մեկ էլ նայեն, տեսնեն ի՛նչ.

 


Մութ ու խավար իր ուղուց
Ջուրը հանկարծ ելավ դուրս։
Մարդիկ տեսան, գնացին,
Համը առան, ասացին.
— Ի՛նչ աղբյուր է, ի՛նչ աղբյուր,
Սքանչելի սառը ջուր։
Ջուրը դարձավ մի առվակ,
Գլգլան ու սառնորակ։
Քույրիկներն էլ միասին,
Նստած ջրի երեսին,
Ոլոր –մոլոր քայլերով
Անցան կանաչ ափերով։
Շատ գնացին, թե մի քիչ,
Մեկ էլ նայեն, տեսնեն ի՛նչ.
Աջից, ձախից ու դեմից
Շատ առվակներ են գալիս։
Եկան, եկան, միացան,
Գետակ դարձան քչքչան։
Անվերջ երգով ու տաղով
Գետակն անցավ շատ տեղով,
Առվակ, գետակ հետն առած,
Դարձավ շրջվեց դեպի աջ։
Էլ առվակ չէ գլգլան,
Ոչ էլ գետակ քչքչան,

 

Այլ մի վճիտ, պայծառ գետ,
Մարգագետնում բուրավետ։
Գետը հոսեց շարունակ,
Մերթ կամացուկ, մերթ արագ։
Քույրիկներն էլ միասին,
Հստակ ջրի երեսին
Նստած մոլոր ու տխուր,
Գնում էին անխոս, լուռ...
Շատ գնացին, թե մի քիչ,
Մեկ էլ նայեն, տեսնեն ի՛նչ.
Մի մեծ ծով է ահագին,
Փրփուր շորերը հագին,
Մռնչալով իր փոսում,
Գետերի է սպասում։
Ծովը երախը բացեց,
Գետն ու ջուրը կլանեց։
- Վա՛յ քույրիկ ջան, էլի ծով,–
Ցողիկն ասաց շշուկով,—
Կրկին ընկանք մենք ծուղակ,
Ափսո՛ս գետը լայնարձակ...

4

Ամառն անցավ վառվռուն,
Եկավ աշունը սիրուն,
Ծառերն արդեն զարդարված,

 

Դեղին, կարմիր շոր հագած,
Պար են բռնել քամու հետ
Ու խաղում են առաջ, ետ։
Քամին առնում է, տանում
Նրանց զարդերը սիրուն։
Խշխշում են ու պարում
Տերևները դաշտերում։
Հետո փչեց ցուրտ քամին,
Մերկացրեց ծառերին,
Ապա մեգ ու մառախուղ
Պատեցին դաշտ, սար ու գյուղ։
Ցողիկ, Շողիկ միասին
Աղի ջրի երեսին
Ոլոր-մոլոր անելով,
Անցնում էին սահելով։
Մեկ էլ նրանք միասին
Աղի ջրից պոկվեցին,
Դարձան հստակ գոլորշի,
Ոչ ոք էլ չի ճանաչի:
Շատ գնացին, թե մի քիչ,
Մեկ էլ նայեն, տեսնեն ի՛նչ.
Հազար –հազար կաթիլներ
Բարձրանում են դեպի վեր,
Ճամփա ընկան նրանք էլ

 


Բոլորի հետ դեպի վեր,
Հասան կապույտ կատարին,
Լայն ու արձակ եթերին:
Ու կանգ առան բոլորն էլ,
Իսկույն դարձան սև ամպեր։

5

Քարավանը ամպերի,
Բռնած ճամփան եթերի,
Քամու ձեռքից հալածված՝
Սլանամ էր դեպ առաջ։
Հանկարծ քամին դադարեց,
Կաթիլներին ցուրտ պատեց,
Ցողիկ, Շողիկ միասին
Սև ամպերից պոկվեցին,
Դողդողացին ու արագ
Դարձան փաթիլ սպիտակ,
Նազ ու տուզով, կամացուկ
Ճամփա ընկան թևանցուկ։
Օրորվելով աջ ու ձախ,
Խաղ անելով և ուրախ
Փաթիլները անհամար
Ամպից իջան դեպի վար։
Իջա՛ն, իջա՛ն շարունակ,
Աշխարհն առան իրենց տակ:

 


Մեր քույրիկներն էլ իջան
Աղբյուրի մոտ քչքչան
Ու մնացին մի փոսում
Գյուղի մի մեծ փողոցում։
Քամին արավ բուք, բորան,
Խոտ ու ծաղիկ ողջ կորան,
Մերկ ծառերը ցրտի տակ
Դողդողացին շարունակ,
Լռեցին գետն ու առուն.
Սառել են, չեն գլգլում։
Սպիտակ են դաշտ ու լեռ.
Ցուրտ ձմեռ է, ցուրտ ձմեռ...
Քույրիկներն աննման
Սառույց դարձած պլպլան,
Ձմռան օրին այն փոսում
Տխրում էին, փսփսում.
— Ա՛խ, երբ կգա արևը,
Որ տա իր ջերմ բարևը,
Ուրախանանք, տաքանանք,
Այս նեղ տեղից հեռանանք...

6

Ցողիկ, Շողիկ միասին
Սառած փոսի երեսին

 

Շատ մնացին, թե մի քիչ,
Մեկ էլ նայեն, տեսնեն ի՛նչ.
Վառ արևը երկնքում
Ճառագայթ է արձակում,
Ուղարկում է դեպի ցած
Իր շողերը ջերմացած։
Ցողիկ, Շողիկ տաքացան,
Ընկերներին միացան
Եվ ջուր դարձած, երգելով,
Առաջ անցան առվակով։
Առվակներն էլ միացան,
Գետակ դարձան քչքչան։
Գետակն անցավ դաշտերով,
Արտ ու այգի ջրելով,
Ապա իջավ նավից ցած,
Մտավ մի նոր ջրաղաց։
Դղրդացին պատերը,
Գործի ընկան քարերը,
Ժիր չախչախը չխկչխկաց,
Ալյուր թափեց քարից ցած։
Ցողիկ, Շողիկ միասին,
Հուզված ջրի երեսին,
Փրփուր դարձած սպիտակ,
Ելան դաշտը ընդարձակ։

 

Ահա մի գետ լայն, աղտոր,
Ընթանամ է լուռ, մոլոր,
Եվ գալարվում ոնց վիշապ՝
Իր նեղ հունով խոր, անտակ:
Եվ այդ գետը մռայլ, մեծ,
Մեր գետակին կլանեց։
Ցողիկ, Շողիկ միասին,
Պղտոր ջրի երեսին
Ոլոր-մոլոր սահելով,
Եկան, հասան մինչև ծով։
Բայց թե ի՞նչ ծով, մի օվկիան,
Ոչ ծայր ունի, ոչ սահման...
Այսպես երկար ժամանակ,
Օվկիանի մեջ խոր, անտակ,
Ցողիկ, Շողիկ միասին
Ետ ու առաջ լողացին,
Մինչև կրկին ելան վեր։
Փչեցին գիժ քամիներ,
Եվ շատ օրեր հողմահար
Արագ անցան շատ աշխարհ։
Աչք ածեցին դեպի ցած,
Տեսան երկիր մի ծաղկած։
— Հիշո՞ւմ ես դու, քույրիկ ջան,
Այս երկիրը մերկ, խոպան։
— Վա՛յ, այն էլ, տես, լիճն է մեր,
Արևով է զարդարվել։

 


Թափառեցինք շարունակ,
Կրկին այստեղ մենք եկանք։
— Իջնենք, քույրիկ, իջնենք ցած,
Ջրենք հանդը ծարաված,
Ուժ տանք, թափ տանք գէսերին,
Օգնենք երկրին այս ծաղկած...
Նրանք իջան միասին
Հրազդանի երեսին,
Օրոր-շորոր անելով,
Հեզիկ– նազիկ սահելով,
Շտապեցին դեպի ցած՝
Օգնեն երկրին այն ծաղկած...

Comments: