fbyoutube

Վտանգավո՞ր է արդյոք հղիանալ 35 տարեկանից հետո

 

Ճիշտ է, 35 տարեկանից հետո հղիանալն իր որոշակի առավելություններն ունի, սակայն կան նաև թերություններ: Այս հոդվածը կօգնի ձեզ պարզել, թե ինչպիսի վտանգների կարող է հանդիպել հղի կինն այդ տարիքում:

Վտանգներ

35 տարեկանից մեծ կանանց մոտ հղիությունը սովորաբար ընթանում է նորմալ, և աշխարհ են գալիս առողջ երեխաներ: Չնայած հղի կնոջ և նրա երեխայի համար ռիսկը միջինից մի փոքր բարձր է, սակայն անհանգստանալու տեղիք չի տալիս: Ահա հնարավոր վտանգներից մի քանիսը.

- Ժառանգական հիվանդություններ: Տարիքով կանանց մոտ ավելի հաճախ են ծնվում Դաունի համախտանիշով երեխաներ: 25 տարեկանում երեխայի՝ Դաունի համախտանիշով ծնվելու հավանականությունը կազմում է 0.08%, 35 տարեկանում՝ 0.25%, իսկ 45 տարեկանում՝ 3.3%:

- Վիժում: Դեպքերի մեծ մասում վիժումը տեղի է ունենում հղիության առաջին 13 շաբաթների ընթացքում: Տարիքի հետ վիժման հավանականությունն աճում է: 35 տարեկանում այն կազմում է 20%, իսկ 45 տարեկանում՝ 80%:

-​ Զարկերակային ճնշման բարձրացում և շաքարային դիաբետ: Տարիքով կանանց մոտ այս խնդիրներն ավելի հաճախ են նկատվում, դրանք կարող են հանգեցնել վիժման կամ էլ պտուղը կարող է չզարգանալ:

-​ Ընկերքի տեղաշարժ. ընկերքի տեղաշարժը մի վիճակ է, երբ այն լիովին կամ մասնակիորեն ծածկում է արգանդի վզիկը, ինչը ծննդաբերության ժամանակ ավելացնում է արյունահոսության հավանականությունը: 40 տարեկանում դրա վտանգը 3 անգամ ավելի բարձր է, քան 20 տարեկանում:

-​ Վաղաժամ ծննդաբերություն և ցածր քաշ. որքան ավելի մեծ է կինը, այնքան ավելի բարձր է վաղաժամ ծննդաբերության (37 շաբաթից շուտ) հավանականությունը և այդքան ավելի քիչ քաշ կունենա երեխան:

Պրենատալ սկրինինգ

Հղիության ժամանակ յուրաքանչյուր կին պարբերաբար հանձնում է անալիզներ և անցնում ուլտրաձայնային հետազոտություն: Սկրինինգային հետազոտություններն անցկացվում են կնոջ ցանկությամբ և թույլ են տալիս միայն ենթադրել հիվանդության առկայությունը երեխայի մոտ: Դժբախտաբար, բազմաթիվ դեպքերում արդյունքները կեղծ դրական են լինում՝ հետազոտության արդյունքում բացահայտվում են որոշակի խանգարումներ, իսկ երեխան առողջ է ծնվում: Հետևաբար, սկրինինգային եղանակներին լիովին չի կարելի վստահել: Ահա այդ եղանակներից մի քանիսը.

-​ Պարանոցային տարածության հաստության որոշումը իրենից ներկայացնում է հետազոտության ուլտրաձայնային եղանակ, որն անցկացվում է հղիության առաջին եռամսյակում: Պարանոցային տարածության հաստության աճը՝ արյան անալիզի որոշակի փոփոխությունների հետ միասին մատնացույց է անում Դաունի համախտանիշի զարգացման բարձր հավանականության մասին:

- Քառակի անալիզն իրենից ներկայացնում է արյան անալիզ, որն անցկացվում է հղիության երկրորդ եռամսյակում: Այն թույլ է տալիս գնահատել Դաունի համախտանիշի և այլ ժառանգական հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպես նաև նյարդային խողովակի արատները:

Դրական արդյունքը դեռ չի նշանակում, որ երեխան պարտադիր կունենա այս կամ այն հիվանդությունը, այն ընդամենը վկայում է բարձր ռիսկի մասին: 35 տարեկանից բարձր կանանց մոտ սկրինինգ կարելի է չանցկացնել, այլ անմիջապես անցկացնել ախտորոշիչ հետազոտություններ:

Ախտորոշիչ հետազոտություններ

Եթե սկրինինգի արդյունքները կասկածելի են, կարելի է անցկացնել ախտորոշիչ հետազոտություններ, որոնց արդյունքները հստակ են: Սակայն այդ հետազոտությունները կապված են որոշակի վտանգների հետ, մասնավորապես, հազվագյուտ դեպքերում դրանք կարող են հրահրել վիժում:

-​ Ամնիոցենտեզը ամնիոտիկ հեղուկի և արգանդի բջիջների՝ բարակ ասեղի միջոցով վերցնելու պրոցեդուրան է: Թույլ է տալիս ախտորոշել Դաունի համախտանիշը:

- Խորիոնի թավիկների բիոպսիա՝ ընկերքի բջիջների հետազոտություն ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար:

-​ Կորդոցենտեզ՝ պորտալարի երակից արյան հետազոտություն, կատարվում է ամնիոցենտեզի և խորիոնի թավիկների բիոպսիայի կասկածելի արդյունքների դեպքում:

Իրեն հետևելու խորհուրդներ

Հղիության ընթացքում կինը պետք է իրեն ավելի շատ ժամանակ տրամադրի, քան նախկինում, մանավանդ եթե նա 35 տարեկանից մեծ է:

-​ Կանոնավոր կերպով այցելեք կանանց կոնսուլտացիա:

- Ընդունեք հղիների համար նախատեսված վիտամիններ. դրանց կազմում պարունակվող ֆոլիաթթուն կանխում է զարգացման որոշակի արատների առաջացումը:

- Ճիշտ սնվեք. հղի կնոջը պետք է միջինը օրական 300 կալորիա ավելի, քան սովորաբար:

-​ Հետևեք ձեր քաշին և բժշկի հետ քննարկեք քաշի ավելացումը:

-​ Պարբերաբար կատարեք ֆիզիկական վարժություններ:

-​ Նվազեցրեք սթրեսը, բացառեք կյանքից այն բոլոր զբաղմունքները, որոնք ձեզ անհանգստացնում են, բացատրեք ձեր ամուսնուն, թե ինչն է ձեզ զայրացնում, կատարեք շնչառական վարժություններ:

- Ապահովեք ձեր լիարժեք հանգիստը. հղի կինը պետք է քնի 7-9 ժամից ոչ պակաս:

-​ Մի ծխեք և պաշտպանեք ձեզ պասիվ ծխելուց: Եթե չեք կարողանում թողնել ծխելը, խոսեք բժշկի հետ, նա կօգնի ձեզ: Ծխելը վնասում է ոչ միայն հղի կնոջ օրգանիզմին, այլև ապագա երեխային:

-​ Ընդունեք միայն այն դեղամիջոցները, որոնք թույլ է տվել բժիշկը: Մի օգտագործեք խոտաբույսեր՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Comments: