fbyoutube

Հովհաննես Թումանյան «Օրորոցագող»

 

Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն:

Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար՝
Օրորոցի մի չար գող,

Որ զավակի բուկը բռնած
Խեղդում էր սև ճանկերում,
Եվ երեխան աչքերը բաց
Չարչարվում էր ու հեվում:

Խելակորույս իսկույն ևեթ
Վրա թռավ կատաղի,
Եվ բռնվեցան իրարու հետ
Օրրանի մոտ երեխի:

 

Կես գիշերին մութ խրճիթում
Կիսակենդան մանուկին
Իրարից խլել են աշխատում
Ծնող մայրն ու չար ոգին:

Կռիվ են տալիս, նախատում են,
Եվ կըրծում են և թըքում,
Իրար սեղմում և խեղդում են,
Ճանկռում, ծեծում, ապտակում:

Եվ մայրական անհուն սերը
Ուժ էր տալիս գերբնական...
Եվ ուժասպառ, հաղթված չարը
Թողեց օրրանը մանկան:

Comments: