fbyoutube

Հովհաննես Թումանյան «Անիծած հարսը»

 


Վաղ ժամանակ մի հայ շենում
Մի հարգևոր հարսն է լինում:
Նըրա բերնից՝ կեսուր - կեսար
Չէին լըսել մի շունչ, մի բառ,
Չէին տեսել շուրթը մի օր...
Էսպես խոնարհ ու հարգևոր:
Մի օր մենակ օդում նըստած,
Իր ճոխ մազերն արձակ թափած,
Ազատ, անփույթ սանրում, հյուսում,
Հետն էլ ձենով երգ էր ասում:
“Աշխարհքը բանտ,
Մեջը անբախտ
Ես մի գերի անխընդում.
Սիրուն շորեր,
Ջահել օրեր
Ինչ եմ անում էս բանտում:

 

Երնեկ ծըտին,
Ճյուղքի միջին
Ծըլվըլում է, թըռվըռում,
Թըռչում՝ սիրած
Ընկերն առած,
Ազատ, կանաչ արտերում:

Ախ, սև ըլի,
Չըքվի, փըլի
Ծընված օրը աղջկա,
Ցավ ու խընդում
Փակված սըրտում,
Ծիծաղ չըկա, ախ, չըկա...”:

 


Մին էլ հանկարծ բացվեց դուռը,
Ու ներս մըտավ ծեր կեսուրը:
- Հո, պո, պո, պո, կանչեց խեղճը,
Գետին պատռի, մըտնեմ մեջը...
- Հոպոպ դառնաս,
Անամոթ հարս:
Մի տես, մի տես,
Թե լըրբի պես
Գըլուխը բաց,
Ազատ նըստած՝
Ոնց է կանչում,
Չի ամաչում:
Լեզուդ լալկի,
Մազըդ թաղքի,
Գըլխիդ կըպչի
Սանրը միջի:

 

Ասավ - չասավ,
Մին էլ տեսավ՝
Սանրը գլխին
Հարսն առաջին
Հոպոպ դառավ
Երդկից թըռավ
Ու վերացավ,
Վեր, հեռացավ:

Էն էր ու էն.
Խեղճն էն օրեն
Հանդերն ընկած՝
Հոպոպ մընաց.
Միշտ էլ էն հին
Սանրը գլխին,

 

Չալիկ - մալիկ,
Լեզուն լալիկ,
Անխոս ու լուռ,
Մոլոր, տըխուր:

Բայց երբ հանկարծ
Միտն է գալիս,
Որ գլխաբաց,
Երգ ասելիս՝
Իր կեսուրը բացեց դուռը,
Վեր է թըռչում
Սըրտատըրոփ
Ու դեռ ճըչում.
Հո- պոպ... հո - պոպ...

Comments: