fbyoutube

Հովհաննես Թումանյան «Չարի վերջը»

Լինում է մի սար,

Էն սարում մի ծառ,

Էն ծառում փըչակ,

Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,

Ու վըրեն Կըկուն:

- Կուկու, կուկու, իմ կուկուներ,

Երբ պիտի դուք առնեք թևեր,

Թըռչեք, գընաք,

Ուրախանաք...

Երգում էր մարիկ Կըկուն

Մին էլ, ըհը, Աղվեսն եկավ.

Էս սարը իմն է,

- Էս ծառը իմն է,

Ծառում փըչակ կա,

Փըչակում՝ մի բուն,

Էս ով է եկել

Տիրացել թաքուն:

Ախ, դու Կըկու, հիմար Կըկու,

Քանի փոքրիկ ձագ ունես դու:

- Երեք հատ ձագ, աղա Աղվես:

- Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ:

Ու չես ասել դու անամոթ,

Մինը ծառա ղըրկես ինձ մոտ:

Ձըգի շուտով մի հատը ցած,

Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,

Գընամ բերեմ,

Ծառը կըտրեմ...

- Վայ, չըկտրես,

Աստված սիրես,

Էս մինն ահա

Տար քեզ ծառա,

Միայն թե էդպես

Մի ջընջիլ մեզ

Բընով - տեղով,

Ամբողջ ցեղով:

Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև:

Աղվեսը՝ հափ, առավ գնաց:

- Վայ -վայ, դու - դու,

Իմ լավ կուկու.

Որ սև սարում,

Որ անտառում,

Որ թըփի տակ

Կորար մենակ...

- Վայ -վայ, դու - դու,

Իմ խեղճ կուկու..

Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ ըհը, Աղվեսը ետ եկավ:

- Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,

Ծառում փըչակ կա,

Փըչակում՝ մի բուն,

Էս ով է եկել

Տիրացել թաքուն:

Ախ, դու Կըկու, հիմար Կըկու,

Քանի փոքրիկ ձագ ունես դու:

- Երկու հատ ձագ, աղա Աղվես:

- Երկու հատ ձագ ցույց կը տամ քեզ:

Ախ, չարամիտ դու ավազակ,

Ինչ խաբար է, երկու հատ ձագ.

Ինչ, ուզում էս էստեղ զոռով

Լըցնես ամբողջ կըկուներով...

Ձըգի շուտով մի հատը ցած,

Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,

Գնամ բերեմ,

Ծառը կըտրեմ...

- Վայ, չըկտրես,

Աստված սիրես,

Էս էլ առ տար,

Ու թող դադար՝

Վերջինը գեթ

Մընա ինձ հետ...

Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:

Աղվեսը՝ հափ, էս էլ առավ ու գնաց:

- Վայ - վայ, վույ -վույ,

Ընչի համար

Եկա ես սար,

Բուն շինեցի,

Ձագ հանեցի...

Աղվեսն եկավ,

Տարավ կերավ,

Երկու, երկու,

Կուկու...կուկու...

Լաց էր լինում մարիկ Կըկուն:

Էս միջոցին - ղա, ղա, ղա, Ագռավն անց էր կենում էն կողմերով:

Լսեց Կկվի լացի ձայնը:

- Էդպես տխուր ու զարհուրիկ

Ինչ ես լալիս, Կըկու քուրիկ:

- Ինչպես չըլամ, ա սանամեր.

Աղվեսն եկավ էն սըրտամեռ,

Գըլխիս էսպես փորձանք բերավ,

Ձագուկներըս տարավ, կերավ:

-Վույ իմ աչքին, անխելք Կըկու,

Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերին չար Աղվեսի:

Ոնց թե սարը իմն է՝ կասի:

Ով է տըվել էն լրբին սար.

Սարն ամենքիս է հավասար...

Ով կը թողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,

Անունը տա սըրած կացնի,

Սրան - նրան սուտ վախեցնի,

Ու մինն էսօր, մյուսը՝ երեկ,

Ձագեր տանի, ուտի մեկ - մեկ...

Սև գրողի էն տարածին

Ով է տըվել սըրած կացին:

Մին էլ որ գա ու սպառնա,

Մի վախենա, քըշի գնա:

Էդպես ասավ Ագռավն ու թռավ գնաց:

Ահա կրկին Աղվեսն եկավ:

- Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է...

Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝

- Սուտ ես ասում դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:

Ով է տվել էստեղ քեզ սար,

Սարն ամենքիս է հավասար:

Ինչ ես եկել սուտ տեր դարձել,

Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ...

Կորի, գընա, դու չար Աղվես,

Հերիք ինչքան սուտ ես խաբել,

Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.

Կացին չունես ծառը կըտրես:

- Ով ասավ քեզ:

- Ագռավն ասավ:

- Ագռավը, լավ:

Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց

հեռացավ:

Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է:

Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն վեր եկավ, որ աչքերը հանի:

Աղվեսը՝ հափ, հանկարծ բռնեց:

Ղա- ղա, ղա - ղա,

Աղվես աղա...

- Այ դու կռավան չարալեզու,

Ոնց թե Կըկվին ասել ես դու,

Թե ես կացին չունեմ սըրած...

Կացին չունեմ... դե հիմի կաց...

- Վայ, քեզ մեղա,

Աղվես աղա,

Ես եմ ասել, չեմ ուրանում,

Ինձ քըրքըրի , ինձ կեր հում - հում,

Տուր ինչ պատիժ սիրտըդ կուզի,

Բայց իմ վերջին խոսքը լըսի:

Ես էն սարում, հենց դեմուդեմ,

Էնպես մի թանկ պահուստ ունեմ,

Որ չես գըտնի դու քո օրում

Ոչ մի թառում կամ անտառում:

Ընչի համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:

Արի գընանք, հանեմ տամ քեզ,

Էնքան ուտես, էնքան ուտես...

Թե չը լինի ու սուտ դուրս գամ,

Ես հո էստեղ միշտ կամ ու կամ...

- Գնանք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ,

թե չի լինի, էլի քեզ կուտեմ:

Գնացին:

Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում

պառտած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ,

տարավ, դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:

- Այ ասավ, էս թփունմ է իմ պահուստը:

Աղվեսն ագահ վրա ընկավ թփին, շունը վեր թռավ,

կոկորդից բռնեց ու դրավ տակին: Աղվեսը խեղդվելով

սկսավ խռխռալ.

- Ախ, ես... ախ, ես...

Զգույշ Աղվես,

Փորձանքի մեջ

Ընկնեմ էսպես...

Ախ, անիրավ

Դու սև Ագռավ...

- Ինչքան էլ որ լինի զգույշ,

Չարի առջև թե վաղ, թե ուշ,

Էդ է պահված, Աղվես աղա.

Ղա, ղա, ղա, ղա...

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

Comments: