fbyoutube

Հովհաննես Թումանյան «Թագավորն ու չարչին»

- Հեյ, լավ մանրուք,

Ասեղ, հուլունք,

Մատնիք, մարջան,

Ապարանջան ...

Հավ, ձու բերեք,

Առեք, տարեք,

Խունջիկ - մունջիկ

Հարսն ու աղջիկ,

Էժան կըտամ,

Լավը կըտամ ...

Էսպես կանչելով, փողոցից փողոց,

Իբրեւ թե չարչի մի թափառական,

Չարչու կերպ մըտած, ինչպես վիշապ օձ,

Անցնում էր ինքը, Շահ - Աբաս արքան:

- Հեյ, ով կուզի թել ու ասեղ,

Դուրս եկեք, դուրս, ինձ մոտ, էստեղ ...

- Չարչի ախպեր, չարչի ախպեր,

Ասեղ ունես, էս կողմը բեր:

Կանչեց մի կին, հայ գաղթական,

Ու մոտ գընաց չարչին կընկան:

- Օ, ինչ ասեղ, իսկն օձի քիստ ...

Թոփը մի հաց ...

- Վույ, թանկ է խիստ ...

Է, մի խոսիր, քուրիկ, էդպես,

Շահի կյանքը թե կըսիրես:

- Աման, հողեմ գլուխը Շահի,

Աստված Շահից հեռու պահի.

Արեւդ ապրի, չարչի ախպեր,

Էդ անունը բերան մի բեր:

- Վահ, էսքան էլ չար լինի մարդ.

Ինչ է արել Շահը ձեզ վատ: -

Գազան թուրքի սըրից փըրկել,

Չոր Ջուղայի քարից պոկել,

Բերել է ձեզ առատ Փարիա,

Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա ...

- Օֆ, հերիք է, չարչի ախպեր,

Մի խոսեցնիր ինձ դըրանից:

Երնեկ դըրա ոտը կոտրեր,

Չըգար հաներ մեզ մեր տանից:

Եկավ վարար հեղեղի պես,

Զարկեց մեր շեն, մեր լի Ջուղան,

Ոչ Աստըծուն նայեց, ոչ մեզ,

Սըրբեց բերավ ողջ տեղահան:

Թող արինք փակ մեր տուն ու ժամ,

Բանալիներն Արազն ածինք,

Սարի ուսից վերջին անգամ

Ետ նայեցինք ու կանչեցինք.

- Աստվածածին Վերին Կաթան,

Քեզ ամանաթ մեր սուրբ վաթան,

Ուր որ գընանք մեր վաթանից,

Մեզ դարձըրու գերությունից:

Աղաչեցինք աղերսելով,

Ետ շուռ եկանք ու անց կացանք.

Ծեծով, կոծով, հըրով, սըրով,

Ծով Արազի ափը հասանք:

Արազը ծով, Արազն ելման,

Դուրս է եկել իր ափերից.

"Անցեք", եկավ մեզ հըրաման.

Շահն է հրաման տալիս վերից ...

Ետեւը սուր, առաջը ջուր,

Սուգ, վայնասուն, իրարանցում,

Բառաչում են մեծ ու պուճուր,

Իրար գըրկած գետը լըցվում ...

Էն սեւ օրը, որ մենք տեսանք,

Քո թըշնամին թող չըտեսնի ...

Ախ, երբ պիտի մին էլ տեսնենք,

Մեր անեծքը երկինք հասնի ...

Ու գալիս են չարչու գըլխին

Կիտվում պանդուխտ, գերի հայեր.

- Անեծք Շահին, իրեն գահին,

Անիծում են երկինքն ի վեր:

Շուռ են գալիս իրենց բընում

Չարչու աչքերն ըսպառնալի,

Ձեռն ու ոտը դող են լինում,

Ու, սեւակնած, հարց է տալի.

- Շահի առջեւ հապա էնօր

Գոռում էիք միաբերան,

Թե ապրում եք դուք բախտավոր

Ու օրհնում եք թախտն ու իրան ...

- Սուտ էր, ախպեր: Դու մեզնից մեկն,

Ինչ թաքցընենք մենք քեզանից,

Բայց մեր սիրտը ոնց չըծածկենք

Էն մարդակեր չար գազանից:

Սուտ էր: Ու միշտ, քանի որ կա

Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,

Չի լինելու երկրի վըրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր ...

Մռընչաց չարչին, աբեն շըպըրտեց,

Դուրս եկավ տակից Շահ - Աբասն ահեղ,

Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,

Գերի ծերունին փըռվեց տեղնուտեղ:

Փըռվեց ... Ու միշտ, քանի որ կա

Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,

Չի լինելու երկրի վրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր:

Comments: