fbyoutube

Հովհաննես Թումանյան «Արծիվն ու կաղնին»

Եղավ՝ մի անգամ անտառի միջին

Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,

Թե որն իրենցից շատ տարի կապրի,

Որն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:

Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝

Մեծ - մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,

Վերջը էս տեսակ պայման կապեցին:

Ժամանակ դըրին հինգ հարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի.

Որ թե որոշված էն օրին հասնեն,

Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:

Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,

Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպի ժայռերը,

Ուր անց է կացնում իր լավ օրերը:

Կաղնին էլ փըռեց ճյուղրն երկաթի,

Խոր ու խոր մխեց ճանկերն արմատի

Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգ հարյուր տարում:

Դարեր անց կացան: Եվ ահա մի օր

Արծիվը եկավ ծերացած, անզոր,

Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,

Թույլ - թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դեսուդեն,

Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.

Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,

Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:

- Հեյ, կանչեց. գոռոզ, պարծենկոտ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.

Հինգ հարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,

Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:

- Հինգ հարյուր տարի ապրել եմ կանգնած,

Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լրանա մի հազար տարին:

Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

Comments: