fbyoutube

Հովհաննես Շիրազ «Անի»

(հատված պոեմից)

Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,

Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Բալասանվեմ իր բաց վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝

Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ։

Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով,

Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնեմ Անին՝ կյանքն օրորեմ։

Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝

Լցված կյանքով հազրազանգ՝ գրկեմ Անին վերածնվեմ։

Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ

Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ։

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մասիսի՝

Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ։

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,

Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ։

Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի,

Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին` բերդն համբուրեմ։

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից,

Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին` վեր պարսպեմ։

Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,

Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին` կյանք բուրվառեմ։

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին-

Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ։

Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,

Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի գոչեմ։

Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,

Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ։

Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ,

Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ։

Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,

Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին՝ թագավորեմ։

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև,

Ախ, թեկուզ լուռ դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ։

Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ`

Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին ու չմեռնեմ:

Comments: