fbyoutube

Հաջող հղիության հիմունքները

Ցանկալի հղիությունը երջանիկ ժամանակահատված է ցանկացած կնոջ համար:  Օրգանիզմի այս նոր վիճակը պահանջում է յուրահատուկ պատասխանատվություն սեփական առողջության հանդեպ:

Յուրաքանչյուր ապագա մորը մտահոգում է, որ հղիությունը նորմալ զարգանա, ծննդալուծումը լինի առանց խնդիրների և, իհարկե, որ երեխան առողջ ծնվի: Որպեսզի փոքրիկի սպասման շրջանն ունենա բարենպաստ ընթացք և ավարտ, իսկ հնարավոր բարդությունները լինեն նվազագույն չափով, հղի կինը պետք է հատուկ մոտեցում դրսևորի իր իսկ առողջության հանդեպ:

Կապ պահպանել բժշկի հետ

Հղիության բնականոն զարգացման նախապայմաններից մեկն է վերջինիս բարդությունների կանխատեսումը և հնարավոր կանխարգելումը: Հետևաբար, կարևոր է հղիության կապակցությամբ ժամանակին  դիմել գինեկոլոգին և անցնել համապատասխան հետազոտությունները և տալ անալիզներ: Վերջիններս ցույց կտան ռեզուս կոնֆլիկտի, ինֆեկցիաների առկայության մասին, որոնք կարող են վնասել պտղին և ապագա մորը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ կանխելով անբարենպաստ ելքը: Գինեկոլոգին կանոնավոր այցելությունները կօգնեն կնոջը պահպանել վստահությունը սեփական առողջության և պտղի վիճակի համար: Չէ՞ որ ավելորդ սթրեսներ կնոջը հարկավոր չեն:

Խուսափել սթրեսներից և ծանրաբեռնվածությունից

Հղիությունը պետք է ընթանա դրական էմոցիաներով, իսկ լարվածությունը հղիության ընթացքում հակացուցված է: Եթե Դուք շարունակում եք աշխատել, ապա ցանկալի է խուսափել գերբեռնվածությունից և ավելորդ կոնֆլիկտներից:

Մի՛ մոռացեք լիարժեք քնի մասին: Պետք է հիշել, որ հոգեկան վիճակը կապված է նաև սննդի հետ, քանի որ սնունդը ազդում է օրգանիզմի կենսաքիմիական գործընթացների վրա:

Ներարգանդային կյանքում պտուղը ստանում է բոլոր սննդարար նյութերը, որը օգտագործում է հղի կինը: Ապագա մոր սննդակարգը պետք է տարաբնույթ լինի և պարունակի վիտամիններ և միկրոէլեմենտներ, ինչը կապահովի հղիության նորմալ զարգացումը: Այդ ամենին զուգահեռ հիշե՛ք չափավոր սնուցման մասին, քանի որ  չափից շատ ուտելը կանդրադառնա ինչպես կնոջ վատ ինքնազգացողության, այնպես էլ պտղի վիճակի վրա:

Հնարավոր է, որ բժիշկը կնշանակի լրացուցիչ վիտամինային հավելումներ: Իսկ ինչ վերաբերում է ֆոլաթթվին, ապա այն  մասնակցում է արյունաստեղծմանը և նյարդային համակարգի ճիշտ ձևավորմանը, ապա այն խորհուրդ է տրվում կիրառել դեռևս հղիության պլանավորման շրջանում: Ֆոլաթթվի անբավարարությունը բարձրացնում է բնածին արատների զարգացման հավանականությունը:

Հղի կնոջ սննդակարգում պետք է լինի բավարար քանակությամբ կալցիում պարունակող մթերք, որը մասնակցում է պտղի ոսկրերի ձևավորմանը:

Կինը պետք է հրաժարվի արագ սննդից, չիփսերից, գունանյութեր պարունակող մթերքից,  ջերմային մշակում չանցած մսեղենից ( սուշի, հում մսից պատրաստված դելիկատես): Բացառե՛ք ալկոհոլը:

Կատարել հղիների համար նախատեսված վարժություններ

Հղի կնոջ համար նախատեսված հատուկ ֆիզիկական վարժությունները նպաստում է մկանների և սրտի տոնուսի պահպանմանը, ինչպես նաև երեխայի լիարժեք զարգացմանը: Այս վարժությունները ապահովում են արյան նորմալ շրջանառություն և նյութափոխանակություն: Հղիության վերջին շրջանում վարժություններին փոխարինում է զբոսանքը:

Հղիության զարգացման հսկողությունը և խնամքը ապահովում է վերջինիս նորմալ զարգացումը:

Comments: